Պակիստանում առնվազն ինը ուսանող է զոհվել համալսարանի վրա զինյալների հարձակման հետևանքով. Doon
Առնվազն ինը ուսանող է զոհվել, եւս 37-ը՝ տուժել դեկտեմբերի 1-ին Պակիստանի Հայբեր-Փահթունհվայի նահանգի Փեշավար քաղաքի գյուղատնտեսական համալսարանի հանրակացարանի վրա ահաբեկիչների հարձակման հետեւանքով:
Այդ մասին հայտնել է Doon թերթը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ գրոհի հետեւանքով տուժել է 16 մարդ, ներառյալ ուսանողներ, սահմանապահ կորպուսի զինծառայողներ, ոստիկանության աշխատակից, պահապան եւ լրագրող: Հրատարակության տվյալներով՝ հարձակումը կատարել են չորս ահաբեկիչներ, նրանք ոչնչացվել են հատուկ գործողության արդյունքում:
Հարձակման պատասխանատվությունն ստանձնել է «Թեհրիք-ի-թալիբան Պակիստան» ահաբեկչական խմբավորումը: Պակիստանի թալիբները գործում են համանուն աֆղանական շարժումից առանձին, բայց ընդունում են նրա ծայրահեղական գաղափարախոսությունը:
Ահաբեկիչները, որոնք քողարկվել Էին փարանջաներով, Փեշավարի գյուղատնտեսական համալսարանի մոտ են ժամանել ռիկշայով, վիրավորել են պահապանին, ներխուժել հանրակացարանի շենք եւ կրակ բացել այնտեղ գտնվող մարդկանց վրա: Շենքում ապրում էր ավելի քան հարյուր ուսանող, սակայն նրանց մեծ մասը տուն էր մեկնել Պակիստանում նշվող կրոնական տոնի կապակցությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: