
Թրամփն առաջին անգամ Սպիտակ տան մոտ վառել է Սուրբ Ծննդյան տոնածառի լույսերը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն առաջին անգամ վառել է Սպիտակ տան առջեւի բացատում, որ Էլիպս է կոչվում, կանգնեցված Սուրբ Ծննդյան տոնածառի լույսերը: Ավանդույթի համաձայն՝ նրա հետ մեկտեղ արարողությանը մասնակցում էին առաջին տիկին Մելանյան եւ ԱՄՆ-ի ղեկավարի երեխաները։
Արարողությունից առաջ հավաքվածների առջեւ ելույթ է ունեցել ամերիկացի երգչուհի եւ հեռուստահաղորդավարուհի Քեթի Լի Գիֆորդը: Այս տարի տոնը վարում էր ամերիկացի դերասան Դին Քեյնը: Երաժշտական նվագակցությունն ապահովում էր Ծովային հետեւակի զորակազմի գործիքային անսամբլը:
Սպիտակ տան մոտ երկրի՝ Սուրբ Ծննդյան գլխավոր տոնածառի լույսերը վառելու ավանդույթի սկիզբը դրվել է տակավին 1923 թվականին Միացյալ Նահանգների 30-րդ նախագահ Ջոն Քալվին Քուլիջի կողմից եւ այդ ժամանակվանից ոչ մի անգամ չի խախտվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը։