Լոռու մարզպետարանը տոկոսով փող է տալիս. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ Լոռու մարզպետարանը տոկոսով փող է տալիս, և որպեսզի «վարկառուն» չգցի իրենց, ձեռքի հետ էլ գույք է վերցնում «զալոգ»:
Այսպես, 2011 թ. «ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի» ՊԿՀ-ի և քաղաքացի Տարոն Ֆարմանյանի միջև կնքվել է «Բյուջետային վարկի տրամադրման և տրանսպորտային միջոցի գրավադրման մասին» պայմանագիր, ըստ որի՝ Ֆարմանյանին մեքենայի մաքսազերծման համար տրամադրվել է 1 մլն. 727 հազար 905 դրամի բյուջետային վարկ: Իսկ վարկի վերադարձելիությունն ապահովելու համար գրավադրվել է պատասխանողին պատկանող «MERCEDES BENZ E 430» մակնիշի ավտոմեքենան:
Նշված գումարից Ֆարմանյանն ընդամենը վճարել է 328 հազար 155 դրամ վարկի գումար և 62 հազար 845 դրամ հաշվարկված տոկոսները: Եվ մարզպետարանը դիմել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով պատասխանողից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 1 մլն. 399 հազար 750 դրամ:
Դատավոր Բորիկ Գրիգորյանը որոշում է կայացրել հայցը բավարարել մասնակի, հօգուտ պետբյուջեի՝ Տարոն Ֆարմանյանից բռնագանձել 399 հազար 750 դրամ վարկի գումարը, բռնագանձումը տարածել գրավադրված «MERCEDES BENZ E 430» մակնիշի ավտոմեքենայի վրա, որպես պետտուրք բռնագանձել ևս 7 հազար 995 դրամ:
Միևնույն ժամանակ, դատարանը որոշել է պարտավորության կատարման կետանցի օրվանից՝12.01.2012-ից, վարկի մնացորդի գումարին հաշվեգրել տոկոսներ՝ տարեկան 12% տոկոսադրույքի չափով, մինչև պարտավորության դադարման օրը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: