Ձերբակալվել է ծագումով հայ ֆուտբոլային հայտնի դեմքերից Նորայր Նակիսը. Ձերբակալման պահին նրա հետ եղել է Թաթան. aysor.am

Ծագումով հայ, արգենտինական «Independente» հայտնի ֆուտբոլային ակումբի փոխնախագահ, «Դեպորտիվո Արմենիո» ֆուտբոլային ակումբի նախագահ Նորայր Նակիսը նոյեմբերի 30-ին ձերբակալվել է։ Արգենտինական առաջատար պարբերականները հեղեղված են ֆուտբոլային աշխարհում հայտնի դերակատարի ձերբակալության մասին լուրով։ Այս մասին գրում է aysor.am-ը:

Արգենտինյան «Telefe» հեռուստաընկերությունը ցուցադրել է կադրեր Նակիսի ձերբակալությունից։ Ըստ աղբյուրի, ձերբակալությունը տեղի է ունեցել իրավապահների օպերատիվ գործողությունների արդյունքում՝ դատարանի որոշմամբ։

Աղբյուրը տեղեկացնում է, որ Նորայր Նակիսը մեղադրվում է ֆուտբոլային ակումբի աջակիցների, որոնց Լատինական Ամերիկայում անվանում են «Barrabrava», հետ անօրինական գործունեության և փողերի լվացման մեջ։ Նակիսի հետ միասին ձերբակալվել է ևս 23 անձ, ովքեր կապ ունեն ավելի վաղ հարուցված այս քրեական գործի հետ։

Արգենտինական «La Nacion» պարբերականը անդրադարձել է Նակիսի անցյալին, ներկայացրել, որ ծագումով հայ Նակիսը եղել է վաճառական և իր կարողությունը հավաքել կտորեղենի ու ոսկեղենի վաճառքից։ Աղբյուրը նշում է, որ Նորայր Նակիսը եղել է Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ, ՖԻՖԱ-ի նախկին փոխնախագահ Հուլիո Գրոնդոնայի շրջապատի անձանցից մեկը։ Գրոնդոնան մահացել է դեռ 2014 թվականին։

Բուենոս-Այրեսում Aysor.am-ի աղբյուրները փոխանցում են, որ Նակիսի ձերբակալման պահին նրա հետ եղել է հայերին հայտնի երգիչ Թաթա Սիմոնյանը։ Մեր աղբյուրները նշում են նաև, որ նոյեմբերի 30-ին հայ համայնքի համար պետք է տեղի ունենար Թաթայի համերգը։ Դրա կազմակերպիչներից է եղել նաև Նակիսը։

«Աշխարհի հայերը» հաղորդաշարի շրջանակներում հարցազրույց է տվել Նակիսը և պատմել, որ ինքը ծնվել է հենց Արևմտյան Հայաստանում՝ Սեբաստիայում։ Արգենտինա եկել է Թուրքիայից։

Տեսանյութեր

Լրահոս