«Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագիրը ամուր հիմք է հետագա զարգացումների համար». Իտալիայի դեսպան
Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագրի ստորագրումը դրական իրադարձություն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման գնահատական տվեց Հայաստանում Իտալիայի դեսպան Ջովաննի Ռիչուլլին:
Նրա համոզմամբ՝ նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված համաձայնագիրը կխթանի երկկողմ հարաբերությունների զարգացումը մի շարք ոլորտներում:
«Մինչ այս հարաբերությունները բարեկամական էին, գործընկերային, սակայն չկար այդ նոր հիմքը: Մենք բոլորս աշխատում էինք դրա համար, Հայաստանն էր նաեւ աշխատում, եւ ի վերջո, գործընթացը հասավ իր վերջնակետին: Մենք շատ ուրախ ենք, քանի որ այն ձեւավորում է նոր շրջանակ հարաբերությունների համար, որը կարող է լինել ամուր հիմք հետագա զարգացումների համատեքստում»,-ընդգծեց դեսպանը:
Հիշեցնենք, որ Բրյուսելում նոյեմբերի 24-ին ստորագրվեց Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում փաստաթուղթը ստորագրեցին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:
Սյուզի Մուրադյան