Երևանի կրկեսի բացման ծրագիրն արդեն նախանշված է. կսկսվեն ներքին հարդարման աշխատանքները
Երեւանի պետական կրկեսում շինարարական աշխատանքները շարունակվում են: Կրկեսի ութհարկանի շենքն արդեն պատրաստ է, առաջիկայում կմեկնարկեն ներքին հարդարման աշխատանքները: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի կրկեսային գործիչների միության նախագահ Սոս Պետրոսյանն ասաց, որ կրկեսի բացումը նախատեսվում է եկող տարի:
«Մեկ ամիս առաջ մեզ մոտ էր Մոսկվայի Նիկուլինի անվան կրկեսի գլխավոր տեխնոլոգ Վլադիմիր Տարասովը, ով օդային համակարգերի մասնագետ է, եւ նա մեզ շատ կարեւոր խորհուրդներ տվեց անվտանգության ապահովման հետ կապված»,-ասաց Պետրոսյանը:
Նրա խոսքով` կրկեսի բացման մեկնարկային ծրագիրն արդեն նախանշված է: «Ես այս ամբողջ ժամանակահատվածում տարբեր միջոցառումների եմ մասնակցել` կրկեսի բացման ծրագիրը նախապատրաստելու համար: Երևանի նոր կրկեսը լինելու է համաշխարհային չափանիշներին համապատասխան»,-հավելեց Սոս Պետրոսյանը:
Մինչ կրկեսը կառուցման փուլում է, Լեոնիդ Ենգիբարյանի անվան մանկական կրկես-ստուդիայի սաները շարունակում են հյուրախաղերը: «Ամանորին ընդառաջ արդեն երկու ներկայացում ենք նախապատրաստել, որոնք բարեգործական հիմունքներով կցուցադրենք տարբեր մարզերում»,-ասաց Հայաստանի կրկեսային գործիչների միության նախագահը:
2011թ. օգոստոսի 1-ից սկսվել են Երևանի պետական կրկեսի կառուցման աշխատանքները: Նոր շենքի նախագծի հեղինակն է ճարտարապետ Վահագն Վերմիշյանը:
Մինչև 2022 թվականը արդեն կա գրված ծրագիր, հայտնի են այն կրկեսային և շոու ներկայացումները, որոնք հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա տեսնել: Նոր կրկեսի շենքում նախատեսվում է արագ սննդի կետ, մանկական զվարճանքի կենտրոն: Կրկեսի շենքը 1962թ. հիմնադրման օրվանից հետո չէր վերանորոգվել: