
Մարզպետը քեռուն բաժնի պետ է նշանակել. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Նորություն չէ, որ Հայաստանում պաշտոն ունեցող անձն ամեն ինչ անում է, որ պետական կառավարման համակարգ «ներմուծի» իր հարազատ-ծանոթ-բարեկամներին: Այս կառավարության հայտարարած օպտիմալացման պատճառով եւս իրենց աշխատանքից զրկվում են հիմնականում ոչ յուրայինները:
Բայց արի ու տես, որ բարեկամների համար միշտ էլ գործ կա: Եթե խորանանք եւ ուսումնասիրենք, թե մարզպետարաններում ու կառավարման տարբեր օղակներում ովքեր են աշխատում, շատ հեշտությամբ կկազմենք բարեկամների մի ցուցակ, որոնք ուղիղ կապ ունեն ղեկավարի հետ:
Այս մտածելակերպը խորթ չէ նաեւ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանին: Մեր տեղեկություններով, նա սեփական քեռուն աշխատանքի է տեղավորել Վարդենիսի քաղաքապետարանում: Այն բանից հետո, երբ թափուր մնաց Վարդենիսի քաղաքապետարանի սոցապբաժնի պետի պաշտոնը, մարզպետի բարեկամների «բախտը» բացվեց:
Հիշեցնենք, որ նախկին բաժնի պետը Վարդենիսի այսօրվա քաղաքապետ Արամ Հարությունյանն է: Եվ հիմա սոցապբաժնի պետի պաշտոնում Կարեն Բոթոյանը իր քեռուն` Արթուր Դավթյանին է տեղավորել: Հետո էլ ասում են՝ գործ չկա: Փաստորեն գործ կա, բայց առնվազն քեռի պետք է լինել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում: