«Եթե Մոսկվան զենք է վաճառում Բաքվին, Մինսկն էլ ՀԱՊԿ առաջ որեւէ պարտավորություն չունի». Շիմով. «ՀԺ»
ՀԱՊԿ անդամների առաջ Բելառուսը ոչ մի պարտավորություն չունի, որը սահմանափակում է Ադրբեջանին զենքի վաճառքը, հայտարարել է բելառուսցի քաղաքագետ Վսեվալոդ Շիմովը` մեկնաբանելով Մինսկի եւ Բաքվի ռազմական գործակցությունը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Եթե Հայաստանի այնպիսի մոտ դաշնակիցը, ինչպես Ռուսաստանն է, զենք է մատակարարում Ադրբեջանին, ապա Բելառուսը բոլորովին ազատ է Բաքվի հետ ռազմական գործարքներում: Մինսկը պրագմատիկ դիրքորոշում ունի այս հարցում, այդ պատճառով Ադրբեջանի զինուժին ինչ-որ տեսակի զենքի վաճառքը սահմանափակող գործոններ չկան»,- ասել է քաղաքագետը:
Նա ընդգծել է, որ Բելառուսում պահպանել են խորհրդային ռազմարդյունաբերության հիմքը, այժմ ակտիվ մոդեռնիզացնում եւ ընդլայնում են արտադրվող ռազմամթերքի տեսականին: Մինսկն այս հարցում գործակցում է Չինաստանի հետ եւ արդեն հաջողությամբ ընթանում է Պոլոնեզ տեսակի հրթիռային համալիրների արտադրությունը:
«Որոշ տեխնիկական տվյալներով, Պոլոնեզը, որը հնարավորություն է տալիս համազարկային մեկ կրակով արձակել տարբեր տեսակի եւ տրամաչափի հրթիռներ, գերազանցում է նույնիսկ ամերիկյան բազմաթիրախային M142 HIMARS համակարգին: Ցանկության դեպքում Բաքուն կարող է գնել այդ համակարգերը»,- ասել է քաղաքագետը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: