Եթե Հայաստանը Ռուսաստանի «ման եկող» կինն է, ուրեմն ամուսինը հարբեցող է և թմրամոլ. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «ԵՄ շրջանակային համաձայնագիրը որքան ոգեւորություն առաջացրեց Հայաստանում, նույնքան էլ հիստերիա` Ռուսաստանում: Արդեն քանի օր է` ռուսական տարբեր հեռուստաընկերությունների թոք-շոուների թեման Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ստորագրված համաձայնագիրն է:

Հակահայկական տրամադրությունները երբեմն այնքան ցինիկ դրսեւորումներ են ստանում, որ տարբեր կենտրոններից սնվող իբր քաղաքագետներ իրենց իրավունք են վերապահում նսեմացնելու եւ «ման եկող կին» համարելու Հայաստանը: Այս գնահատականների առնչությամբ «Իրատեսի» հետ զրույցում հետաքրքիր դիտարկումներ արեց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը:

– Նույնիսկ ռուսներն են ընդունում, որ Հայաստանը ԵՄ-ի հետ համաձայնագիր է ստորագրել Ռուսաստանի հավանությամբ, սակայն նրանց քաղաքական թոք-շոուները ողողված են հակահայկական տրամադրություններով: Ինչու՞, չէ՞ որ Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը հայտարարել է, որ նորմալ է վերաբերվում այդ համագործակցությանը:

– Ռուսաստանը տոտալիտար մշակույթով ավտորիտար երկիր է: Այս ամենը հոգեբանական մշակույթի եւ հոգեբանական պատերազմի տարրեր է պարունակում:

Ո՞րն է խնդիրը: Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ համաձայնագրի ստորագրումը միայն արտաքին հիմնավորումն է, իրականում ապրիլյան պատերազմում մեր ձեռք բերած անկախության միտումներն են նրանց վախեցնում:

Տապալվեց ռուսական նախաձեռնությունը, այն է` ջախջախվի՛ր, Հայաստան, ու մենք, որպես բարեկամ, կգանք, կփրկենք: Այս քաղաքականությունը տապալվեց, քանի որ Հայաստանի նոր սերունդը անկախություն ունենալու մեծ ձգտում ունի:

Երբ Լավրովը Հայաստան եկավ, ասացի, որ տեսչական այցի է եկել, ճշտելու` մենք անկախություն, պետականություն ուզու՞մ ենք, թե՞ ոչ: Իսկ եթե Արցախի հարցով էր եկել, թող գնար Ստեփանակերտ, Երեւանի՞ց ինչ էր ուզում: Հիմա ինչ պատասխան տանք ընկեր Չեմբեռլենին. եթե Հայաստանը Ռուսաստանի «ման եկող» կինն է, ուրեմն ամուսինը հարբեցող է եւ թմրամոլ: Այլապես ո՞ր նորմալ կինը կհեռանա նորմալ ամուսնուց»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս