Ինչու հետաձգվեց Գիորգի Կվիրիկաշվիլու հայաստանյան այցը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու հայաստանյան այցի չեղարկումն ուշագրավ ստացվեց. նախ ԵՄ պայմանագրի ստորագրման, ապաեւ` Վրաստանում ՀՀ նոր դեսպանի պաշտոնավարման մեկնարկից անմիջապես հետո վերջինս Կվիրիկաշվիլու այցի առիթով էր արագացրել հավատարմագրի հանձնումը` 3 օր առաջ:
Երեկ, օրվա երկրորդ կեսին փորձեցինք Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանից ճշտել, թե արդյոք այլ պատճառ չկա՞ վարչապետի այցի չեղարկման համար, բացի այն, ինչ նշում է ՀՀ կառավարությունը․
«Վրացական կողմի խնդրանքով Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով: Այն կկայանա Վրաստանի խորհրդարանի կողմից երկրի կառավարության կազմը հաստատելուց հետո»։
Դեսպանը, պարզվեց, նոր էր իմացել այդ մասին, մանրամասներից տեղյակ չէր, գտնվում է Հայաստանում՝ «եկել է դիմավորելու Վրաստանի վարչապետին, մասնակցելու նրա հայաստանյան այցին»:
ԱԳՆ-ից էլ ասացին, որ այցի չեղարկման պատճառը Կվիրիկաշվիլու կառավարության կողմից պառլամենտին ներկայացված «Կառավարության կառուցվածքի մասին» անհետաձգելի օրենքի չընդունվելն է, ինչն էլ պառլամենտական երկիր Վրաստանի սահմանադրությամբ` կառավարության եւ վարչապետի վստահության ու հրաժարականի խնդիր է առաջացնում:
Ի դեպ, Կվիրիկաշվիլու կուսակցությունը` «Վրացական երազանքը», պառլամենտում լուրջ մեծամասնություն ունի, եւ «պետք է որ նման բան չլիներ»,- ասաց մեր աղբյուրը:
Նշենք, որ Հայաստանում եւս մշակվում է «Կառավարության կառուցվածքի մասին» օրենք, եւ այն նույնպես առաջիկայում կներկայացվի պառլամենտական երկիր Հայաստանի խորհրդարանին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: