ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունը 145 հազար դոլար է ծախսել գոլֆի մեքենաների վրա
ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունը, որն զբաղվում է պետության առաջին անձանց պահպանությամբ, գոլֆի մեքենաների վարձակալության համար գրեթե 145 հազար դոլար է ծախսել այն ժամանակվանից ի վեր, ինչ Դոնալդ Թրամփը երկրի նախագահ է դարձել:
Նոյեմբերի 29-ին այս մասին հայտնել է USA Today համազգային թերթը: Իր ամբողջ նախագահության ընթացքում Թրամփն ավելի քան 100 օր անցկացրել է իր ընտանիքին պատկանող անշարժ գույքի օբյեկտների տարածքում, հաղորդել է NBC հեռուստաալիքը:
Դրանից 81 օր՝ գոլֆ-ակումբներում: Ինչպես նշվում է, հոկտեմբեր ամսվա դրությամբ, Գաղտնի ծառայությունն ավելի քան 63 հազար դոլար է վճարել”Mar-a-Lago”-ին (Փալմ Բիչ, Ֆլորիդայի նահանգ) նախագահի եւ նրա ընտանիքի պահպանությունն իրականացնելու համար: Սեպտեմբերի վերջին CBS հեռուստաալիքը հայտնել էր, որ Ասպենում (Կոլորադոյի նահանգ) Թրամփի ավագ երեխաների հանգիստը 330 հազար դոլար է նստել ամերիկացի հարկատուների վրա, որը ծախսվել է նրանց պահպանության նպատակով:
Խոսքը վերաբերում է Իվանկա Թրամփին եւ նրա ամուսնուն՝ Ջարեդ Քուշներին, ինչպես նաեւ Էրիկ Թրամփին եւ նրա կնոջը: Այս տարվա մարտին լեռնադահուկային առողջարանում նրաց մեկշաբաթյա հանգստի համար ներքին անվտանգության նախարարությունը ծախսել է 329 հազար 561 դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: