Քուվեյթը Կատարին հրավիրել է Ծոցի Համագործակցության խորհրդի գագաթնաժողովին
Քուվեյթը Կատարին հրավեր է ուղարկել՝ մասնակցելու Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի (ՊԾԱՊՀԽ) դեկտեմբերին կայանալիք գագաթնաժողովին: Այդ մասին հայտնել է Քուվեյթի KUNA գործակալությունը:
Որոշումն ընդունվել է, չնայած ՊԾԱՊՀԽ-ի մյուս անդամների՝ Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների, ինչպես նաեւ Խորհրդի մեջ չմտնող Եգիպտոսի հետ Կատարի հարաբերություններում հունիսից շարունակվող ճգնաժամին: Քուվեյթը ճգնաժամի սկզբից ի վեր միջնորդի դեր է ստանձնել դրա կարգավորման գործում:
«Կատարի Էմիր շեյխ Թամիմ բեն Համադ ալ Թանին նամակ է ստացել երկրի (Քուվեյթի) Էմիրից՝ շեյխ Սաբահ ալ Ահմեդ ալ Ջաբեր աս Սաբահից, որով Նորին Մեծությունը հրավիրվում է մասնակցելու ՊԾԱՊՀԽ-ի Բարձրագույն խորհրդի 38-րդ նստաշրջանին, որը Էլ-Քուվեյթ քաղաքում պլանավորված է դեկտեմբերի 5-6-ին»,-հայտնել է գործակալությունը:
Պաշտոնական գործակալությունը նշել է, որ նամակը Կատարի Էմիրին է հանձնել Դոհայում Քուվեյթի դեսպանը:
Հունիսին Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը եւ Եգիպտոսը Կատարի հետ խզել են դիվանագիտական հարաբերությունները եւ նրա հետ դադարեցրել բոլոր հաղորդակցությունները՝ մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: