«Հիմա Ադրբեջանն ավելի շատ պատճառներ ունի պատերազմ սկսելու». Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Ադրբեջանն այսօր պատերազմ սկսելու ավելի լուրջ պատճառներ ունի, քան կային ապրիլին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Նրա խոսքով՝ ապրիլյան պատերազմի ժամանակ ձախողելով այդ ռազմական օպերացիան՝ Ադրբեջանը կորցրեց նաև մի շարք քաղաքական թեզեր շահարկելու հնարավորություն բանակցությունների սեղանին, միջազգային տարբեր հարթակներում.
«Օրինակ, այլևս չի կարող ասել, որ ամեն պահի կարող է ռազմական ճանապարհով հարցն ի օգուտ իրեն լուծել: Եթե նախկինում պատերազմ չսկսելը ներկայացնում էր՝ որպես իրենց կողմից փոխզիջում, հիմա արդեն պարզ է դառնում, որ պատերազմ սկսելուց հետո էլ նրանք որևէ հաջողության չեն կարող հասնել: Հիմա Ադրբեջանն ավելի շատ պատճառներ ունի պատերազմ սկսելու, բայց չունի հնարավորություն, որովհետև ապրիլին ձախողվեց, ու հիմա կան նաև քաղաքական ճնշումներ, որի մասին Ալիևն արդեն խոստովանել է, ու այժմ փորձում են քաղաքական նոր իրավիճակ ստեղծել»:
Հ. Մելիք-Շահնազարյանն ընդգծեց, որ այստեղ Թուրքիան կարող է լուրջ քաղաքական դերակատարում ունենալ.
«Թուրքիայի նպատակը վաղուց ավելի լավ դերակատար լինելն է Հարավային Կովկասի գործընթացներում, իսկ ղարաբաղյան հարցը դրա միակ ուղին է: Թուրքիան փորձելու է ամեն ինչ անել, որ այստեղ ակտիվանա, և, եթե դրա համար պետք լինի՝ որոշակի զիջումների գնա, օրինակ, Մերձավոր Արևելքում, Սիրիայում, հնարավոր է՝ նա այդ զիջումներին գնա՝ Կովկասում իր դերակատարումն ուժեղացնելու այդ ձգտումների համար»:
Քաղաքագետը նկատեց, որ ռուս-թուրքական էլիտաները մշտապես հակամարտել են, երբևէ իրար չեն վստահել, և կարճաժամկետ քաղաքական մոտեցումները, որպես կանոն, միշտ ձախողված ավարտ են ունեցել.
«Հիմա էլ ես չեմ տեսնում այն պատճառների վերացումը, որը 2 տարի առաջ բերեց ռուս-թուրքական լուրջ հակամարտության: Այդ պատճառները չեն վերացել, պարզապես այսօր Ռուսաստանն ու Թուրքիան չեն խոսում դրանց մասին, հույս ունեն, որ դեռևս Մերձավոր Արևելքում այս «Իսլամական պետության» հաղթահարելու խնդիրը կարևորագույնն է»: