
ԿԺԴՀ-ն հրապարակել է «Հվասոն-15» նոր հրթիռի արձակման տեսագրությունը

ԿԺԴՀ-ի Կենտրոնական հեռուստատեսությունը հրապարակել է նոյեմբերի 29-ին իրականացված՝ «Հվասոն-15» նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակման տեսագրությունը: Այդ կադրերը նոյեմբերի 30-ին ցուցադրել է Ճապոնիայի Nippon Terebi հեռուստաալիքը։
Տեսագրության մեջ պատկերված են ինչպես մեկնարկի վայր հրթիռի փոխադրման գործընթացն, այնպես էլ անմիջական արձակումը: Ավելի վաղ Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը նաեւ իր կայքում հրապարակել է «Հվասոն-15» հրթիռի արձակման 42 լուսանկարներ:
Լուսանկարներից մեկում թիկունքից պատկերված է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը, որը դիտում է, թե ինչպես է երկինք բարձրանում հրթիռը: Փենյանը սեպտեմբերի 15-ից ի վեր առաջին հրթիռային արձակումն իրականացրեց նոյեմբերի 29-ի առավոտյան:
Երկրի իշխանությունները հայտարարել են, որ «Հվասոն-15» նոր տիպի հրթիռը 53 րոպեում հասել է 4475 կիլոմետր բարձրության, թռիչքի հեռավորությունը կազմել է 950 կիլոմետր: Ճապոնիայի պաշտպանության նախարարությունում հայտնել են, որ հրթիռն ընկել է Աոմորիի հյուսիսային պրեֆեկտուրայից 250 կիլոմետր հեռավորության վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: