«Ռեֆորմը 3 տարի չի կարող լինել, դա արդեն ռեֆորմ չի». Կարեն Կարապետյանը` Արծվիկ Մինասյանին
Այսօր կառավարության նիստում գյուղատնետսության նախարար Իգնատի Առաքելյանը ներկայացրեց Անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգին, ռազմավարությանը և միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին որոշումը:
Ռազմավարությամբ նախատեսվում է անտառների ապօրինի օգտագործման դեմ պայքարի արդյունավետության բարձրացում, մասնավորապես ապօրինի հատումների ծավալի նվազեցում, անտառային ոլորտում կառավարման համակարգի բարեփոխում և այլն:
Վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ «Հայանտառը» ՊՈԱԿ-ից վերափոխվում է կոմիտեի և տեղափոխվում բնապահպանության նախարարության ենթակայության տակ:
«Պարոն Մինասյան, մենք ակնկալում ենք ձեզանից, որ դուք շատ արագ պետք է բերեք, սահմանեք քվոտաները»,- ասաց Կ.Կարապետյանը` դիմելով բնապահպանության նախարար Արծվիկ ՄԻնասյանին և շեշտելով, որ հատումների լիմիտները շատ ավելի ցածր պետք է լինեն:
Ա.Մինասյանի խոսքով` այս ռեֆորմի արդյունքը լինելու է բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունների հաստիքների հաշվին, լրացուցիչ ծախս չի դրվելու:
Նա նշեց, որ զուտ ֆորմալ առումով իրավական տեսակետից դեռ պետք է աշխատեն ԳՆ հետ, և չափաքանակները կսահմանվեն 2018 թ. համար, իսկ փոփոխությունները կավարտվեն 3 տարում:
Կ.Կարապետյանը հակադարձեց, որ ռեֆորմը 3 տարի չի կարող լինել, դա արդեն ռեֆորմ չի. «Ծրագիր 3 տարվա` հա, ռեֆորմ 3 տարվա` չէ»: