Ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրումը կպարզեցվի
Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրման հստակեցման և պարզեցմանը:
Ըստ նրա` մաքսային վճարների արտոնությունների որոշման հարցում կարևոր նշանակություն ունի ծագման երկրի ապրանքագիրը:
«Կարևոր է, որ ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրման կարգը հստակ լինի և խնդիրներ չառաջացնի գործարարների համար»,- ասաց Կ.Կարապետյանը:
Նա նշեց, որ ԱԱՊ-ն միջոցներ է ձեռնարկել հավաստագրերը էլեկտրոնային եղանակով տրամադրելու համար, որը կհեշտացնի գործընթացը:
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, հավաստագրի տրամադրման գործընթացում կան ոչ հստակություններ:
Կ.Կարապետյանը հանձնարարեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին, և առաջարկեց Ռազմավարական հետազոտությունների ազգային կենտրոնին և ԱԱՊ-ին մեկամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել հավաստագրերի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը պարզելու վերաբերյալ առաջարկություններ: