Նյու Յորքում վառվեցին Ծննդյան տոների գլխավոր տոնածառի լույսերը
Նյու Յորքի կենտրոնում նոյեմբերի 29-ի երեկոյան կայացել է ԱՄՆ-ի այդ խոշորագույն քաղաքի՝ Ծննդյան տոների գլխավոր տոնածառի լույսերը վառելու արարողությունը: Միջոցառումն ավանդաբար տեղի է ունեցել Մանհեթենի Ռոքվելլեր-փլազայում:
Ավելի քան 50 հազար լամպերից բաղկացած լուսաշղթայի միացման արարողությանը նախորդել է տոնական համերգը, որի ընթացքում ելույթ են ունեցել ամերիկացի աստղերից շատերը, ներառյալ երգչուհի Գվեն Ստեֆանին, Pentatonix կոլեկտիվը, քանթրի կատարող Ջենիֆեր Նեթլզը:
Ամենամյա միջոցառման ավարտին, որը տեղի է ունեցել արդեն 85-րդ անգամ, Նյու Յորքի քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոն իջեցրել է խորհրդանշական անջատոցը, ինչից հետո տոնածառի վրա վառվել են լույսերը: Ծառը պսակազարդում է 2,9 մետր տրամագծով եւ 250 կիլոգրամ քաշով բյուրեղապակե աստղը, որը բաղկացած է Ավստրիայի Swarovski ֆիրմայի արտադրության 25 հազար բյուրեղներից:
Եղեւնու բարձրությունը հասնում է 23 մետրի, իսկ դրա քաշը շուրջ 13 տոննա է: Այն լույսերով կշողշողա մինչեւ հաջորդ տարվա հունվարի 7-ը, ինչից հետո տոնածառն ավանդույթի համաձայն կսղոցեն եւ կօգտագործեն չքավոր ընտանիքների համար տների կառուցման նպատակով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: