
Թուրքիայում գյուլենականների դեմ գործով 333 զինվորական կձերբակալվի

Ստամբուլի հանրապետական դատախազությունը գյուլենականների դեմ իրականացվող հետաքննության շրջանակում 360 անձի ձերբակալելու որոշում է ընդունել: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:
Երկրի 49 նահանգում համաժամանակյա գործողություններ են սկսվել ձերբակալություններն իրականացնելու նպատակով: Հաղորդվում է, որ 360 անձից 333-ը զինվորականներ են, ընդ որում, նրանցից յոթը՝ օդաչու սպաներ:
Պաշտոնական Անկարան երկրում 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձ իրականացնելու մեջ մեղադրում է չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին և նրա հետևորդներին` գյուլենականներին: Հեղաշրջման փորձից հետո երկրի իշխանությունները սկսել են Թուրքիայի մասնավոր և պետական ոլորտները գյուլենականներից մաքրելու աշխատանքները:
Գյուլենը, սակայն, ի սկզբանե հերքել է մասնակցությունը կատարվածին: Նա կատարվածի կազմակերպիչ է հայտարարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով այդպիսով փորձել է ամրապնդել իշխանությունը: