«Շատ ծանր եմ տանում. Հերոսները դրսերում պետք է լինեն». Դավիթ Գասպարյանը՝ Սամվել Բաբայանի ազատազրկման մասին

Գրականագետ Դավիթ Գասպարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Սամվել Բաբայանի ազատազրկմանը՝ ասաց, որ պատմությունը զարմանալիորեն կրկնվելու հակում ունի. «Ստալինը 1937թ. իր զինակիցներին, որոնք հեղափոխություն էին արել, հռչակեց ժողովրդի թշնամի՝ կամ գնդակահարեց, կամ աքսորեց, կամ կացնահարեց։ Ինձ համար շատ ծանր է այս մասին խոսելը՝ մեր հերոսները բանտերում են։ Ա՛յ մարդ, ո՞նց կլինի, այդ մարդիկ մեր հայրենիքի համար կռվել են, չէ՞։ Բոլորիս վրա, ինչ էլ ասես՝ կարելի է գտնել։ Բայց մենք այդպես չպետք է վարվենք»։

Հիշեցնենք, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն «Իգլայի» գործով մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 6 տարվա ազատազրկման։

Գրականագետի խոսքով՝ հաջորդ մարդը, որ պետք է հերոս դառնա, էլ հերոս չի դառնա, որովհետև կմտածի, որ ապագայում իրեն էլ են այդպիսի բաներ սպասվում.

«Շատ ծանր եմ տանում, կոչ եմ անում, որ ինչ եղել է, արագ ձևը գտնեն և ազատեն, մարդիկ բանտերում չպետք է մնան, հերոսները դրսերում պետք է լինեն։ Մենք գործ ունենք մեր ազգային հերոսների հետ, բա ազգային հերոսը գնա-նստի՞, այ մարդ։ Կոչ եմ անում՝ մեղմ մոտենալ»։

Կարդացեք նաև

Դավիթ Գասպարյանը նկատեց՝ նման քայլերով մենք կարծես փորձում ենք ուրախացնել Ադրբեջանին. «Հիմա պատկերացրեք՝ մեր ոխերիմ բարեկամ Ադրբեջանն ինչքան պետք է ուրախանա, երբ Հայաստանի ազգային հերոսները բանտերում են։ Այսպես չի լինի, ժողովուրդ ջան։ Մի քիչ ազգային շահի բարձր գիտակցում պետք է ունենանք, հակառակ դեպքում, ապրիլի 1-ին պարզվեց, որ մեր սահմանները դատարկ են, տանկերում վառելիք չկա, էն դեպքում, երբ պետք է ամեն ինչ տեղին լիներ։ Մենք պետք է ամեն վայրկյան մարտական դիրքերում լինենք և երբեք մարդկային կորուստ չունենանք։ Հերոսը պետք է դրսում լինի՝ իր ժողովրդի հետ, ոչ թե մեկուսարաններում»։

Տեսանյութեր

Լրահոս