Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ճանապարհահատվածը կանվանակոչվի Մոնթե Մելքոնյանի անունով
Երևան քաղաքի Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ճանապարհահատվածը կանվանակոչվի Մոնթե Մելքոնյանի անունով։
Երևան քաղաքի ավագանու 2-րդ նստաշրջանի 3-րդ նիստին ավագանու Հանրապետական եւ «Ելք» խմբակցության անդամները կողմ քվեարկեցին նախագծին: «Մեկ տարուց ավելի է այս հարցը քննարկվում է: Մենք հետագայում ճարտարապետների հետ ճանապարհահատվածն այնպիսի շենքերով պետք է կառուցապատենք, որ փողոցին եւ անվանը վայել լինեն»,-ասաց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Նախագծին դեմ քվեարկեց միայն «Երկիր ծիրանին», նշելով, որ դեմ են Մոնթե Մելքոնյանի անունով կոչել ինչ-որ ծայրամասային փողոց: Ավագանու նիստի ընթացքում ավագանու անդամները կողմ քվեարկեցին նաեւ Կենտրոն վարչական շրջանի Պարոնյան փողոցից մինչեւ Ուրուգվայի հրապարակը Հնդկաստանի փողոց անվանակոչելու հարցին: Օրակարգում ընդգրկված այս հարցն առաջարկվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից, տրվել է նաեւ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի դրական պատասխանը: