Հայաստանում ՄԻԱՎ կարգավիճակը այսուհետ կարելի է պարզել ինքնաթեստավորման միջոցով
ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ միացյալ ծրագրի շրջանակներում Հայաստանում 15000 մարդ կինքնաթեստավորվի եւ կիմանա իր ՄԻԱՎ կարգավիճակի մասին: Ծրագրի ինքնաթեստավորման փուլի մեկնարկին ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը նախաձեռնությունը բավական կարեւոր համարեց: «Այս ծրագիրը ՄԱԿ-ի գրասենյակի կողմից արժանացել է հավանության եւ ՄԱԿ-ի ֆինանսական միջոցների հաշվին մենք կարողացանք ներկրել Հայաստան այս էքսպրես մեթոդը, որի շնորհիվ քաղաքացին ինքն է դառնում գործընթացի մասնակիցը»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ Հայաստանում հիվանդների 40 տոկոսը չգիտի, որ ՄԻԱՎ վարակակիր է եւ բուժում չի ստանում: «Մեր խնդիրն է բարձրացնել մարդկանց իրազեկվածությունը: Նախարարությունը մշտապես այսպիսի նախաձեռնությունների կողքին է եւ եթե ոչ գումարով, ապա բարի խոսքով եւ մեթոդիկաներով միշտ սատար է կանգնում»,-ասաց Լեւոն Ալթունյանը, ով փորձարկեց թեստը:
ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի խոսքով` ՀԵՀ-ի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում 2700 մարդ արդեն իսկ իրազեկվել է: «Մենք գտնում ենք, որ ամեն մարդ պետք է իր առողջական ստատուսն իմանա եւ դրա լավագույն ձեւը աշխարհն այսօր մեզ հնարավորություն է տվել ունենալ»,-ասաց նա:
Թեստն անվճար ձեռք բերելու համար քաղաքացիները կարող են դիմել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մարզային կառույցներ: Գաղտնիությունը երաշխավորված է:
ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտման նորարարական եւ առաջադեմ մեթոդը հնարավորություն է տալիս մարդկանց հաշված րոպեների ընթացքում ինքնուրույն հետազոտվել իր համար ավելի ցանկալի ու հարմար վայրում, օրվա ցանկացած պահին, միայնակ կամ այն անձի հետ, որին վստահում է, եւ իմանալ ՄԻԱՎ կարգավիճակը: