«Սա նաև քաղաքական այլընտրանքի լավ օրինակ է». Սուրեն Սարգսյանը՝ Հայաստան-ԵՄ համաձայնագրի մասին

ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, քաղաքագետ Սուրեն Սարգսյանի համար զարմանալի է, որ այդքան կասկածներ կային Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման հետ կապված, քանի որ համաձայնագիրը նախաստորագրվել էր, տեքստը հրապարակվել էր:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ս. Սարգսյանը նշեց, որ նրանում, ինչ տեղի ունեցավ օրերս Բրյուսելում, զարմանալի ոչինչ չկար. «Դա մեզ տալու է լրացուցիչ հնարավորություններ և պարտավորություններ՝ տարբեր ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու առումով, և պետք է հաշվի առնենք, որ ԵՄ-ն իր կողմից նաև պարտավորություն է ստանձնում օժանդակել մեզ՝ տարբեր ոլորտներում շատ հստակ քայլեր ձեռնարկելու: Այդ առումով՝ կարծում եմ՝ սա նոր իրավունքների, պարտավորությունների և հնարավորությունների մի մեծ փաստաթուղթ է»:

Նրա խոսքով՝ սա շատ կարևոր կարող է լինել բիզնեսի համար, որովհետև սա նշանակում է, որ ԵՄ-ի բիզնեսի համար դու դառնում ես առավել հետաքրքիր, կանխատեսելի, և խաղի կանոնները նրանք սկսում են հասկանալ, որովհետև դրանք համանման են:

«Սա նաև քաղաքական այլընտանքի լավ օրինակ է, որովհետև գիտեք, որ ԵԱՏՄ միակ անդամ պետությունն ենք, որ ավելի ենք խորացնում հարաբերությունները ԵՄ-ի հետ՝ չունենալով ԵՄ-ին անդամակցելու քաղաքական օրակարգ: Սա կարծում եմ՝ լավ այլընտրանք է և շատ լավ դիվերսիֆիկացման հնարավորություն է մեզ համար»,- նշեց քաղաքագետը:

Կարդացեք նաև

Հարցին, թե ի՞նչ ռիսկեր է այն իր մեջ պարունակում, քանի որ խոսվում է, որ մեզ կարող են պարտադրել օրենքներ, որոնք հարիր չեն մեր ազգային արժեքներին, Ս. Սարգսյանն այսպես պատասխանեց. «Վստահ եմ, որ ցանկացած դեպքում կոմպրոմիսներ գտնվելու են: Չեմ կարծում, որ մենք երբևէ ինչ-որ բան ենք ընդունելու, ինչը կհակասի մեր ազգային, անվտանգության շահերին: Ցանկացած օրենք էլ, երբ գա, բնականաբար, առաջնորդվելու ենք մեր շահերով, և կարծում եմ՝ այստեղ շատ ուժեղ ճնշում մեզ վրա լինել չի կարող, որովհետև նաև եվրոպացիները հաշվի են առնելու մեր ազգային առանձնահատկությունը»:

Ս. Սարգսյանը գտնում է՝ 3.5-4 տարվա ընթացքում մենք ունենալու ենք առանց վիզայի ռեժիմ Շենգենյան համաձայնագրի երկրների հետ. «Վստահ եմ, որ մեր Արտաքին գործերի նախարարությունն արդեն բանակցում է այս ուղղությամբ, ու կարծում եմ՝ 3.5-4 տարվա ընթացքում, կամ գուցե ավելի շուտ կունենանք այդ համաձայնագիրը ու կկարողանանք ճանապարհորդել այնպես, ինչպես վրացիներն են ճանապարհորդում»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս