«Հայաստանը շարունակելու է խորացնել իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում ու ԵԱՏՄ-ում». Էդուարդ Շարմազանով
Հայաստանն արտաքին քաղաքականություն իրականացնելիս սպասարկում է բացառապես իր պետական ու ազգային շահերը: Այս մասին հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը՝ նոյեմբերի 27-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատի ԱՊՀ ՄԽՎ-ի Հայաստանի ներկայացուցչությունում՝ պատասխանելով Սանկտ Պետերբուրգում «Արմենպրես»-ի թղթակցի հարցին՝ ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության և Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ:
«Հայաստանն իրականացնում է արտաքին քաղաքականություն՝ հաշվի առնելով իր պետական ու ազգային շահերը եւ սպասարկում է բացառապես այդ շահերը: Եվրամիության հետ համաձայնագիրը հնարավորություն կտա շարունակել ժողովրդավարական բարեփոխումները: Այս պահին Երեւանում ընթանում են խորհրդարանական լսումներ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցով: Պետք է նշեմ, որ այդ օրակարգը արհեստական է: Կարծում եմ մենք պետք է ոչ թե դադարեցնենք, այլ ակտիվացնենք ու խորացնենք մեր մասնակցությունը ԵԱՏՄ-ում: Հայաստանը շարունակելու է խորացնել իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում ու ԵԱՏՄ-ում»,-նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասին պայմանագիրը, որն ուժի մեջ է մտել 2015թ. հունվարի 1-ից, ստորագրել են Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ երկրների նախագահները 2014թ. մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական խորհրդի բարձրագույն նիստում: Հայաստանի Հանրապետության՝ ԵԱՏՄ-ին միանալու պայմանագիրը ստորագրվել է 2014թ. հոկտեմբերի 10-ին և ուժի մեջ մտել 2015թ. հունվարի 2-ին:
Հավաքական անվտանգության մասին Պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարների կողմից:
Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է օրեր առաջ՝ նոյեմբերի 24-ին Բրյուսելում: