«Մենք չենք ուզում լինել մի միության անդամ, որտեղ պետք է շուստրի լինես, որ շահ ստանաս». Էդմոն Մարուքյան

«ԵԱՏՄ-ին անդամակցությունը ոչ միայն չի ապահովել տնտեսական առաջընթաց, այլ նաև խաթարել է ՀՀ անվտանգությունը, նաև մենք գտնում ենք, որ ՀՀ-ի հնարավորություններն է սահմանափակել երրորդ երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացման կոնտեքստով: ԵԱՏՄ համաձայնագիրը թույլ չի տալիս, որ ՀՀ-ն երկկողմ ազատ առևտրի պայմանագրեր կնքի երրորդ երկրների հետ»,- այսօր ԱԺ-ում ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունը դադարեցնելու մասին խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Ըստ նրա` ասվում է, որ արդեն մտել ենք, պետք է աշխատենք ու քաղենք ինչ-որ հնարավոր է, բայց եթե ԵԱՏՄ փաստաթուղթը գործեր, իրենց փաստարկները գուցե ավելի թույլ լինեին, բայց համաձայանգիրը չի գործում և սա ՌԴ հերթական նախաձեռնությունն է, որ մնացել է թղթի վրա` ապրանքների, կապիտալի, աշխատուժի ազատ տեղաշարժի հետ կապված կան լոււջ պրոբլեմներ.

«ՀՀ քաղաքացիների մասսայական դեպորտացումը, որ մի դեպք չի, ևս խոսում է այն մասին, որ ԵԱՏՄ համաձայնագիրը չի գործում, 2 վարչական խախտման համար ՀՀ քաղաքացուն կարող են դեպորտ անել»:

«Ասում են` դե կարգուկանոնը լավը չի, չկա, բայց պետք է շուստրի լինենք, կարողանանք օգտվել դրանից, բաշարեք՝ դուք էլ օգտվեք, մի բան տարեք, մի բան բերեք… Բայց մենք չենք ուզում լինել մի միության անդամ, որտեղ պետք է շուստրի լինես, որ շահ ստանաս»,- ասաց Է.Մարուքյանը` հավելելով, որ քարոզի մյուս մասը շանտաժն է, որ եթե այսպես չլինի, այնպես կլինի:

Կարդացեք նաև

Անդրադառնալով իր իսկ խոսքով ՀՀ-ում «էյֆորիկ» տրամադրություններին, Է.Մարուքյանը հայտարարեց, որ «և-և» տեղի չի ունեցել:

Նրա կարծիքով` «և-և» կլիներ, եթե ՀՀ-ն, լինելով ԵԱՏՄ անդամ, ստորագրեր ԵՄ հետ ասոցացման և խորը և համապարփակ համաձայանգիր, այսինքն` ԵԱՏՄ շուկա ազատ մուտք գործելով, ստանար 500 մլնանոց շուկան:

Պատգամավորի բնորոշմամբ` Հայաստանը թարամցրել է ԵՄ-ի հետ իր համագործակցության պայմանագիրը:

«Մեր դիրքորոշումը չի փոխվել, որպեսզի ՀՀ-ն զարգանա, անհրաժեշտ է զարգացնել ՀՀ տնտեսությունը և քաղաքական համակարգը: Դրա համար ՀՀ-ն պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից, ԵՄ ասոցացման համաձայնագրի մաս դառնա, ինչպես իր հարևան Վրաստանը, և սկսի ինտեգրումը եվրոպական ուղղությամբ, որի արդյունքում ՀՀ տնտեսությունը կզարգանա և կբարձրանա անվտանգության մակարդակը: Մենք չենք կարող վարկով անընդհատ զենք գնել»,- ասաց Է.Մարուքյանը:

Տեսանյութեր

Լրահոս