Բաժիններ՝

«Միսս Տիեզերք» տիտղոսակիր է դարձել Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչը

«Միսս Տիեզերք» տիտղոսակիր է դարձել Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչ 22-ամյա Դեմի Լի Նել Փիթերսը: Այդ մասին հայտարարվել է գեղեցկության մրցույթի եզրափակիչի արդյունքների ամփոփումից հետո, որը նոյեմբերի 26-ին ավարտվել է Լաս Վեգասում (Նևադայի նահանգ):

Նել Փիթերսը գործնական վարչարարություն է ուսումնասիրել ՀԱՀ-ի Հյուսիսարեւմտյան համալսարանում: Նա մասնակցում է Unbreakable անվանումը կրող ծրագրին, որը կանանց ուսուցանում է ինքնապաշտպանության տեխնիկան: Մրցույթի ժամանակ պատասխանելով հաղորդավարի հարցին, նա նշել է, որ «Միսս Տիեզերքի» համար առավել կարևոր որակը համարում է ինքնավստահությունը: Նա նաև ընդգծել է, որ տիտղոսակիրը պետք է կարողանա «հաղթահարել իր վախերը» և օգնի մյուս կանանց անելու նույնը:

Հաղթողի թագը Նել Փիթերսի գլխին դրել է «Միսս Տիեզերք-2016» ֆրանսուհի Իրիս Միտենարը:

Նել Փիթերսը դարձել է Հարավաֆրիկյան Հանրապետության՝ մրցույթում հաղթանակ տարած երկրորդ հավակնորդուհին: Առաջին «եռյակում» այս անգամ տեղ են գրավել Կոլումբիայի ներկայացուցիչ Լաուրա Գոնսալեսը և Ճամայկան ներկայացնող Դավինա Բենեթը: Ընդհանուր առմամբ մրցույթին մանակցել են 92 կանայք: «Միսս Տիեզերք» մրցույթի պատմությունը սկիզբ է առնում 1952 թվականից: Այն նմանօրինակ չորս ամենահեղինակավոր ստուգատեսներից մեկն է «Միսս աշխարհ», «Միսս Երկիր» և «Միսս Ինտերնեշնլ» մրցույթների հետ միասին:

Մրցույթի հաղթողն ստանում է թանկարժեք թագը, մեկ տարում անվճար Նյու Յորքում ապրելու իրավունք և գովազդային պարտավորագիր, որի շրջանակներում նա շրջագայում է աշխարհում և մասնակցում բարեգործական տարբեր միջոցառումների, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս