«Չեմ կարծում, որ այս գործընթացը տակնուվրա է անելու ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորումը». Դավիթ Բաբայանը՝ Հայաստան-ԵՄ համաձայնագրի մասին

«Սա ամբողջությամբ տեղավորվում է մեր բազմաուղղվածության և հավասարակշռվածության արտաքին քաղաքականության փիլիսոփայության մեջ»,-168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ խոսելով երեկ Բրյուսելում ստորագրված Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի մասին:

Նրա խոսքով՝ սա չպետք է մենք քաղաքականացնենք, որովհետև սա միայն քաղաքական խնդիր չէ, սա ավելի շատ տնտեսական բազմաթիվ նոր հեռանկարներ է ստեղծելու, բացելու ՀՀ տնտեսության համար. «Իսկ այն, ինչ լավ է ՀՀ-ի համար, լավ է նաև Արցախի և Սփյուռքի համար: Սա մեր այս եռամիասնության հիմքում է ընկած»:

Հիշեցնենք, որ փաստաթղթում ամրագրված է, որ ԵՄ-ն աջակցում է ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում ընթացող բանակցություններին և Արցախի հակամարտության կարգավորումը տեսնում է 3 հիմնական սկզբունքների վրա՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների ինքնորոշման իրավունք:

Դ. Բաբայանը չի գտնում, որ այստեղ լինելու է ինչ-որ նոր մոտեցում. «Չեմ կարծում, որ այս գործընթացն այնպիսի մի ազդեցություն է ունենալու, որ տակնուվրա է անելու ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորումը:  Հայտարարության մեջ նշվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող գործընթացը, այստեղ սատարում են հայտնում նաև եռանախագահների աշխատանքին, սա նշանակում է, որ ԵՄ-ն չի միջամտելու քաղաքական խնդիրների մեջ, ինչը ճիշտ է, քանի որ ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորումով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը և եռանախագահությունը, հետևաբար՝ ցանկացած այլ ձևաչափ պարզապես խանգարելու է և էլ ավելի է բարդացնելու առանց այն էլ շատ բարդ վիճակում գտնվող այդ հակամարտության կարգավորումը: Հետևաբար՝ չեմ կարծում, որ այստեղ լինելու են ինչ-որ նոր արմատական փոփոխություններ, հայամետ կամ ադրբեջանամետ միտումներ:

Ընդհանուր առմամբ, լինելու է հավասարակշռված մոտեցում, ինչը նույնպես գալիս է նրանից, որ հակամարտության կարգավորումը դեռևս ընթանում է, և չի կարող լինել միակողմանի տեսլական, քանի որ սա կնշանակի ինչ-որ պարտադրանք կամ շրջանակ, որը թույլ չի տալիս գտնել բոլորի համար ընդունելի որոշում»:

Տեսանյութեր

Լրահոս