Բաժիններ՝

Հայաստանում 2017-ին տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի տեմպերն առավել բարձր են նախորդ տարվա համեմատ

Տնտեսական ակտիվության ցուցանիշի կուտակային աճերը 2017 թվականի հոկտեմբերի դրությամբ յուրաքանչյուր ամիս գերազանցել են նախորդ տարվա համանման ցուցանիշները` բացառությամբ  հունվար-ապրիլի: Այսինքն` տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի տեմպերն առավել բարձր են եղել նախորդ տարվա համեմատ: Այս են վկայում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները: Մասնավորապես, տնտեսական ակտիվությունը 2017-ի տասն ամիսներին 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7 տոկոսով, այն դեպքում, երբ 2016-ի ցուցանիշը 0.5 տոկոս էր: 2015-ի հունվար-հոկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել էր 3.6 տոկոսով, իսկ 2014-ի աճը կազմել էր 4.8 տոկոս:

2017-ի տասն ամիսներին նախորդ տարվա համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալի 12.4 տոկոսանոց աճ է գրանցվել: Համապատասխանաբար 2016-ին այս ցուցանիշը կազմել է 6.5, 2015-ին` 4.6, 2014-ին` 2.2 տոկոս: Ինչպես վկայում են թվերը, այս ցուցանիշով ևս արձանագրվել է կայուն աճ նախորդ չորս տարիների դրությամբ:

Ինչ վերաբերում է ծառայությունների ծավալին, ապա 2014-ի հունվար-հոկտեմբերին գրանցվել է 7.2 տոկոսանոց աճ նախորդ տարվա համեմատ: Մինչդեռ 2015-ին աճի ցուցանիշը անկում է ապրել` կազմելով 2.8 տոկոս: 2016-ի տասն ամիսներին ծառայությունների ծավալի աճը եղել է 7.7 տոկոս, 2017-ի ցուցանիշը գրեթե 2 անգամ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը`կազմելով 13.9 տոկոս:

Ներքին առևտրի շրջանառության մասով աճի ցուցանիշները 2015-ին (-6.4) և 2016-ին (-0.1) եղել են զսպողական, այսինքն`նախորդ տարվա համեմատ անկում գրանցելով, զսպել են ոլորտում աճի տեմպերը: 2014-ի հունվար-հոկտեմբերին, սակայն ներքին առևտրի շրջանառության աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 4.7 տոկոս, 2017-ին աճը 12,6 տոկոս է` ավելի քան 2.5 անգամ մեծ է 2014-ի ցուցանիշից:

Կարդացեք նաև

Ներմուծման աճը 2017-ի տասն ամիսներին 24.1 տոկոս է, 2016-ին` նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 0.1 տոկոս: 2015-ի հունվար-հոկտեմբերին ներմուծման ծավալները նվազել են 2014-ի տասն ամիսների նկատմամբ, աճի ցուցանիշը բացասական է`-26.6 տոկոս: 2014-ին ներմուծումն աճել է 3.8 տոկոսով` համեմատ 2013-ի նշյալ ժամանակահատվածի:

Ինչ վերաբերում է արտահանման ծավալներին, ապա 2017-ի տասն ամիսներին աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 19.4 տոկոս: 2016-ի հունվար-հոկտեմբերին արտահանման աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 20.1 տոկոս:  2015-ի արտահանման աճը զսպողական է` -2.2 տոկոս: 2014-ի տասն ամիսներին արտահանման աճը եղել է 2.9 տոկոս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս