«Հույսեր ունեմ, որ այս խայտառակությունը, որի մեջ մենք արդեն քսան տարուց ավելի ենք, եթե անգամ չի դադարի, գոնե իր չափերի մեջ կնվազի». Վահան Արծրունի

Քիչ առաջ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և ԵՄ արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ստորագրեցին Հայաստանի և ԵՄ-ի միջև Համապարփակ գործընկերության մասին համաձայնագիրը:

Այսպիսով, Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումն արդեն իրողություն է:

Երգիչ, երգահան Վահան Արծրունու համար քաղաքական այս իրադարձությունը սպասված էր: 168.am-ի հետ զրույցում երգահանն ընդգծում է՝ քաղաքակիրթ աշխարհի հետ հարաբերվելը շատ ավելի արդյունավետ կարող է լինել և՛ երկրի, և՛ առաջին հերթին՝ քաղաքացիների համար: Համաշխարհային հանրության կողմից ընդունված ստանդարտները և՛ իրավաբանության մեջ, և՛ մարդու իրավունքներին առնչվող դաշտում, և՛ միջպետական հարաբերություններում, և՛ ընդհանրապես քաղաքացիական պարտքի դրսևորումներում, լրիվ այլ որակ են նախատեսում՝ դուրս վայրկենական կամ անհասկանալի ձևաչափերից դեպի քաղաքակիրթ հարթակ.

«Այն, որ այդ համաձայնագիրը վեջապես ստորագրվեց, բնականաբար, որոշակի քաղաքակիթ առաջընթացի հեռանկարներ է բացում պետության և, նորից եմ կրկնում, քաղաքացու համար: Սահմանների բացումը ելք ու մուտքի ավելի դյուրացված ռեժիմ կսահմանի, որը երկրում զարգացման դրական միտումների նկատելի պատկեր կուրվագծի: Անդրադառնալով տնտեսական գործոնին՝ քանի դեռ տնտեսական որոշ լծակներ որոշակի խավի փոքրաթիվ ներկայացուցիչների ձեռքում են՝ ոչ մի լավ բան չեմ ակնկալում: Բայց քանի որ հասկանում ենք՝ քաղաքակիրթ աշխարհի հետ հարաբերվելու նախապայմանը նաև տնտեսական մենաշնորհները վերանայելն ու համաշխարհային ընդունված ստանդարտներին համապատասխանեցնելն է, ապա սպասվում է, որ երկրի ներսում ցիվիլ բիզնեսի օրենքներ են ներմուծվելու: Ես որոշակի հույսեր ունեմ, որ վերջիվերջո այս խայտառակությունը, որի մեջ ենք մենք արդեն քսան տարուց ավելի, եթե անգամ չի դադարի, ապա գոնե իր չափերի մեջ կնվազի՝ հնարավոր դարձնելով ապրել, ստեղծագործել, բարիք ու ապագա ստեղծել քաղաքակիրթ երկրում»:

Ղարաբաղյան հակամարտության կոնտեքստում համաձայնագրի ստորագրումը, Վ. Արծրունու բնորոշմամբ՝ կտրուկ շրջադարձեր չի գրանցի.

«Այս առումով համաձայնագիրը շատ բան չի փոխի, որովհետև այդ խնդիրը պայմանավորված է ոչ միայն մեզանով, այլև այն հարևանությամբ, որ մենք ունենք՝ ադրբեջանական կողմի ազգային, գենետիկ, նաև քաղաքական յուրահատկություններով: Երբ գործ ունես քաղաքակրթության բոլոր չափանիշերից դուրս, տարերային մի երևույթի հետ, շատ դժվար է որևէ ակնկալիքներ ունենալ»:

Տեսանյութեր

Լրահոս