
Հիպոթեքի դեպքում եկամտահարկի վերադարձի արտոնությունը սահմանափակվում է

2018 թվականի հունվարի 1-ից հիպոթեքային վարկից օգտվողների համար նորակառույց շենքերում բնակարան գնելու դեպքում եկամտահարկի վերադարձի արտոնությունից կկարողանան օգտվել միայն այն անձինք, որոնք 55 մլն դրամից ցածր արժողությամբ բնակարան ձեռք կբերեն, և վարկառուն կամ համավարկառուն չեն ունենա այլ բնակարան: Ծրագրի այս փոփոխություններն այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։
«Եթե մարդն ունի 1 բնակարան, ևս 2-ը գնում է, ապա ինչո՞ւ պետք է հարկատուների հաշվին նրա եկամտային հարկը հետ վերադարձվի: Դրա համար մենք վերաիմաստավորում ենք, փորձում ենք հարկատուների փողերն ավելի նպատակային օգտագործել»,- ասաց նախարարը:
Ըստ նրա՝ ծրագրի հիմքում դրվելու է բացառապես սոցիալական մոտեցում, այսինքն՝ թիրախավորելու են միջին և ցածր խավին, իսկ բարձր խավի ներկայացուցիչները չպետք է կարողանան օգտվել։ Վ.Արամյանը նշեց, որ օրենքը հետադարձ ուժ չի ունենա: Նրա խոսքով՝ 2016-2017 թթ.-ին ծրագրի շահառուների շուրջ 80 %-ը եղել են 55 մլն դրամից ցածր գնով բնակարան ձեռք բերողները, իսկ այդ 20%-ի համար բյուջեից զգալի գումար է հատկացվել՝ 220 մլն դրամ։
Մանրամասները՝ տեսանյութում