
Նապոլեոնի թագի ոսկե դափնետերևը 625 հազար եվրոյով վաճառվել է աճուրդում

Նապոլեոն Բոնապարտի թագի մի բաղադրատարրը՝ ոսկե դափնետերեւը, նոյեմբերի 19-ին 625 հազար եվրոյով վաճառվել է Ֆրանսիայի Ֆոնտենբլո քաղաքի աճուրդում:
Այս մասին հայտնել է AFP գործակալությունը՝ վկայակոչելով Ֆրանսիայի Osenat աճուրդային տնից ստացված տվյալները: Ի վերջո ընդամենը 6 գրամ քաշով հազվագյուտ իրի դիմաց առաջարկված գումարն զգալիորեն գերազանցել է ակնկալվող 100-150 հազար եվրոն: Աճուրդն անցել է ինտենսիվ, լոտն առաջացրել էր հավաքորդների մեծ հետաքրքրությունն ամբողջ աշխարհում:
Նապոլեոնի հանդիսավոր թագադրումը կայացել է 1804 թվականի դեկտեմբերի 2-ին Փարիզի Աստվածամոր տաճարում: Նապոելոնի թագադրության եւ նրա կողմից կայսեր տիտղոսի ընդունման արարողության համար ոսկերիչ Մարտին Գիյոմ Բիենեն պատրաստել էր թագ՝ այն պատելով ոսկե դափնեպսակով: Աճուրդում վաճառվել է Նապոլեոն Բոնապարտի եւ նրա ընտանիքի հետ կապված շուրջ 400 իր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: