Բաժիններ՝

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7 տոկոսով. ԱՎԾ

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017 թվականի հունվար-հոկտեմբերին 7 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Անկում է գրանցվել միայն շինարարության, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալներում և պետական հատվածի միջին ամսական անվանական աշխատավարձի ցուցանիշում:

Շինարարության ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0.9 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում 2017 թվականի հունվար-հոկտեմբերի ցուցանիշը 5.4 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 2016 թ. հունվար-հոկտեմբերի համեմատ ընթացիկ տարում ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 13.9 տոկոսով` կազմելով 1 տրիլիոն 182 մլրդ 167.6 մլն դրամ, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է՝ 4.1 տոկոսով` կազմելով 735 մլրդ 677.7 մլն դրամ:

Կարդացեք նաև

Սպառողական գների ինդեքսը 2017-ի նշյալ ժամանակահատվածում ավելացել է 0.7 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը` 3.9 տոկոսով:

Առեւտրի շրջանառությունն ավելացել է 12.8 տոկոսով և կազմել 2 տրիլիոն 016 մլրդ 663.8 մլն դրամ: Արդյունաբերական արտադրանքի ծավալը` 1 տրիլիոն 338 միլիարդ 330.6 միլիոն դրամ, 12.4 տոկոսով ավելացել է 2016 թ հունվար-հոկտեմբերի համեմատ: Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 2.6 տոկոսով (189 հազար 972 դրամ): Պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 159 հազար 597 դրամ, 0.1 տոկոսով պակաս լինելով նախորդ տարվա համեմատ, իսկ մասնավոր հատվածում կազմել է 226 հազար 489  դրամ` 2016-ի հունվար-հոկտեմբերի համեմատ աճելով 3.6 տոկոսով: Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2016 թ. հունվար-հոկտեմբերի համեմատ աճել են 22.4 տոկոսով (4 մլրդ 979.8 մլն ԱՄՆ դոլար), ընդ որում` արտահանումն աճել է 19.4 տոկոսով (1 միլիարդ 745.4 մլն դոլար), իսկ ներմուծումը` 24 տոկոսով (3 մլրդ 234.4 մլն դոլար): Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-հոկտեմբերին եղել է 482.41:

Բոլոր բացարձակ ցուցանիշները ներկայացված են ընթացիկ գներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս