Գիտնականները գեր մարդկանց մահից փրկելու միջոց են գտել
Մարդիկ, որոնք տառապում են ճարպակալումից, կարող են նվազեցնել ավելորդ քաշով պայմանավորված հիվանդություններից վաղաժամ մահվան վտանգը, եթե օգտագործեն ճարպերի ցածր պարունակությամբ մթերքներ: Այս եզրակացությանն են հանգել Մեծ Բրիտանիայի եւ Նոր Զելանդիայի գիտնականները, որոնց ուսումնասիրությունների արդյունքները հրապարակված են The BMJ հանդեսում: Այդ մասին հաղորդվում է EurekAlert! կայքում զետեղված մամուլի տեղեկագրում:
Մասնագետները վերլուծել են 54 գիտական աշխատանքներ, որոնք անցկացվել են 1966-ից մինչեւ 2016 թվականը: Ընդհանուր առմամբ, հետազոտություններին մասնակցել է 30 հազար մարդ: Ընդ որում՝ միայն 34 աշխատանքներում են ստացվել բարձր որակի տվյալներ, որոնք ցույց են տվել, որ քաշի նվազումը վաղաժամ մահվան ռիսկը պակասեցնում է 18 տոկոսով: Վերլուծության ընթացքում փորձագետները հաշվի են առել, թե հատկապես որ սննդակարգերն են օգնել պայքարելու ճարպակալման դեմ:
Նշվել է, որ հագեցած ճարպերի ցածր պարունակությամբ մթերքների օգտագործումը նվազեցնում է վաղաժամ մահացածությունը ճարպակալումից տառապող չափահաս մարդկանց շրջանում: Գիտնականները, սակայն, նշում են, որ իրենք քաղցկեղի կամ սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականության վրա նիհարելու ազդեցության բավարար ապացույցներ չեն գտել: