
Թուրքիան հետաքննություն է սկսել ՆԱՏՕ-ում Աթաթուրքին ու Էրդողանին վիրավորելու գործով

Անկարայի հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել Նորվեգիայում ՆԱՏՕ-ի զորավարժության ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Այս մասին հայտնում է թուրքական Diken գործակալությունը:
ՆԱՏՕ-ի կողմից Նորվեգիայում նոյեմբերի 8-17-ն ընկած ժամանակահատվածում «թշնամական ուժերի» շարքում ներառված է եղել նաև Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի լուսանկարը: Բացի այդ, ՆԱՏՕ-ի զինվորների շրջանում գոյություն ունեցող հաղորդակցման համակարգում բացված է եղել կեղծ հաշիվ Էրդողանի անունով: Այդ հաշվից Հյուսիսատլանտյան դաշինքի դեմ հրապարակումներ են արվել:
Էրդողանը կատարվածի առնչությամբ հայտարարել էր թուրք զինվորներին հետ կանչելու մասին: ՆԱՏՕ-ն և Նորվեգիայի պաշտպանության նախարարությունը ներողություն էին խնդրել, բացի այդ, ՆԱՏՕ-ից հեռացվել էր կատարվածի համար պատասխանատու երկու աշխատակից:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգն անձամբ ներողություն էր խնդրել կատարվածի առնչությամբ:
Այդուհանդերձ, Անկարայի գլխավոր դատախազությունից հայտնել են, որ հետաքննություն են սկսում Աթաթուրքին և Էրդողանին վիրավորող և նվաստացնող գործողությունների առնչությամբ: