Ադրբեջանում գրանցված վերջին երկրաշարժն Արցախում զգացել են՝ 3-4, ՀՀ հարավ-արևելյան շրջաններում՝ 3 բալ ուժգնությամբ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցը նոյեմբերի 17-ին, տեղական ժամանակով ժամը 17:27-ին (Գրինվիչի ժամանակով` 13:27-ին) գրանցել է հյուսիսային լայնության 40.10 աստիճան և արևելյան երկայնության 47.25 աստիճան աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Աղջաբերդ քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 4.5 մագնիտուդով երկրաշարժ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ, որը նոյեմբերի 15-ին տեղի ունեցած երկրաշարժի հետցնցումն է, և համեմատաբար ավելի թույլ է, քան մայր ցնցումը:
Երկրաշարժը զգացվել է Արցախի Հանրապետությունում՝ 3-4 և ՀՀ հարավ-արևելյան շրջաններում 3 բալ ուժգնությամբ:
«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի պաշտոնական կայքը, հաղորդել էր, որ նոյեմբերի 17-ին Հայաստանի ժամանակով 17:27-ին ադրբեջանական Բարդա քաղաքից 19 կմ հեռավորության վրա նոր երկրաշարժ է գրանցվել: Երկրաշարժը եղել է 4,4 մագնիտուդ ուժգնությամբ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 40 կմ խորության վրա: Թեպետ էպիկենտրոնը գտնվել է Երևանից 225 կմ հեռավորության վրա, սակայն Հայաստանի տարածքում ևս ցնցումները զգացվել են: Սոցիալական ցանցերի հայ օգտատերերն այս մասին գրառումներ են կատարել իրենց էջերում: