Գյոթեբորգում Եվրամիության հռչակագիր է ընդունվել սոցիալական իրավունքների մասին
Գյոթեբորգում Եվրամիության արտահերթ գագաթնաժողովի արդյունքներով Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, Եվրախորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանին եւ ԵՄ-ի խորհրդում նախագահող Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը նոյեմբերի 17-ին ստորագրել են ծրագրային պարտավորությունները քաղաքացիների սոցիալական իրավունքների բնագավառում՝ ԵՄ-ի «սոցիալական բաղադրիչը»։
Հռչակագիրը բովանդակում է քսան սկզբունք, որոնք վերաբերում են աշխատաշուկա մուտքին, պայմանների իրավահավասարությանը եւ սոցիալական պաշտպանվածությանը: Դրանք, մասնավորապես, հավասար աշխատանքի դեպքում հավասար աշխատավարձեր ստանալու կանանց ու տղամարդկանց իրավունքն է, օգնություն ստանալու գործազուրկների իրավունքը, համարժեք նվազագույն աշխատավարձերը, թափանցիկությունը աշխատավարձի չափը որոշելիս, անօթեւանների պաշտպանությունը: «Մենք ձեռնամուխ ենք լինում կոնկրետացման:
2014 թվականի նոյեմբերին, երբ Եվրահանձնաժողովն սկսում էր կատարել իր մանդատը, մենք ԵՄ-ի խորհրդի եւ Եվրախորհրդարանի համար 19 առաջարկություն էինք պատրաստել սոցիալական ոլորտի վերաբերյալ, որոնք ուղղարկվել էին օրենսդիրներին: Դրանցից յոթն ընդունվել էին: Տասներկուսի գծով աշխատանքը դեռ չի ավարտվել: Եվ այդ տասներկուսից կան մի քանիսը, որոնք օրենսդիրները նույնիսկ չեն քննարկել»,-հայտարարել է Յունկերը ստորագրման արարողությունից առաջ:
«Եթե մենք ցանկանում ենք, որ մեզ վստահեն, մեզ հարկավոր են կոնկրետ արդյունքներ: Այսինքն՝ մենք դեռեւս մեր ճանապարհի սկզբում ենք: Նույնիսկ դրա մեջտեղում չենք: Ժամանակն է ձեռնամուխ լինել աշխատանքի»,- կոչ է արել Եվրահանձնաժողովի ղեկավարը Եվրոպայի ղեկավարներին եւ ԵՄ-ի ինստիտուտներին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: