
Մահացել է «Երեք հրացանակիրներ» ֆիլմում խաղացած Ռոբեր Իրշը

Փարիզում 92 տարեկան հասակում վախճանվել է կինոյի եւ թատրոնի ֆրանսիացի դերասան Ռոբեր Իրշը: Այդ մասին հայտնել է Le Monde թերթը: Նշվում է, որ մահվանից երկու օր առաջ արտիստն շտապ կարգով հոսպիտալացվել էր:
Պոլ Ռոբեր Իրշը ծնվել է 1925 թվականին: 40-ական թվականների վերջին նա ավարտել է Փարիզի Ազգային կոնսերվատորիայի դրամատիկական բաժինը: Իրշը տասնյակ դերեր է խաղացել կինոյում եւ թատրոնում, որտեղ շարունակում էր հանդես գալ գործնականում մինչեւ կյանքի վերջը: Դերասանի մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերի թվում են այնպիսի կինոնկարներ, ինչպիսիք են՝ «Փարիզի Աստվածամոր տաճարը», «Ասերը», «Բուժում՝ շոկով» եւ «Իմ տղամարդը» ժապավենները:
Արտիստին առավել մեծ ժողովրդականություն է բերել Պլանշեի դերը 1959 թվականին նկարահանված «Երեք հրացանակիրներ» ֆիլմում: Իրշն արժանացել է «Մոլիեր»-ի չորս պարգեւի, ինչպես նաեւ դարձել է «Ֆրանսիայի «Սեզար» ազգային կինոմրցանակի դափնեկիր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: