
«Թուրքիայում լուսային տարիներով հեռու են ԼՂ խնդրի էությունից». ՀՀ ԱԳՆ արձագանքը՝ Էրդողանի հայտարարություններին

Թուրքիան պետք է շարունակի հնարավորինս հեռու մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացից: Այս մասին հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը՝ «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո թուրք լրագրողներին Թուրքիայի նախագահ Էրդողանի արած հայտարարությունը:
«Այդ մեկնաբանությունները կրկին ի ցույց են դնում, որ Թուրքիայում լուսային տարիներով հեռու են ղարաբաղյան հիմնախնդրի էությունից և բովանդակությունից։ Թուրքիան պետք է շարունակի որքան հնարավոր է հեռու մնալ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացից»,- ասաց Բալայանը։
Թուրքական Star պարբերականը մեջբերել էր Էրդողանի խոսքերը այցի վերաբերյալ: Թուրքիայի նախագահը լրագրողներին հայտնել էր, որ Պուտինի հետ քննարկել է արցախյան հակամարտության հարցը: Նա կրկին հիշեցրել էր 5 շրջանների վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևերը: