
Վրաստանի և ՌԴ-ի ներկայացուցիչներն ընդլայնված կազմով հանդիպում կանցկացնեն Շվեյցարիայում

Վրաստանի եւ Ռուսաստանի ներկայացուցիչները նոյեմբերի վերջին ընդլայնված ձեւաչափով հանդիպում կանցկացնեն Շվեյցարիայում: Այդ մասին Վրաստանի Հանրային հեռուստատեսության Առաջին ալիքին հայտնել է Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:
Աբաշիձեն հայտարարությունն արել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինի հետ հերթական 16-րդ հանդիպումից հետո, որը նոյեմբերի 16-ին կայացել է Պրահայում:
Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ այդ հանդիպմանը կողմերը կքննարկեն սահմաներում բեռնաշրջանառության մաքսային մոնիթորինգի վերաբերյալ 2011 թվականին կնքված համձայնագրին առնչվող հարցեր:
Իսկ Պրահայում կայացած հանդիպմանը քննարկվել են նման ձեւաչափի համար սովորական դարձած հարցեր, որոնք վերաբերում են կողմերի համագործակցությանը առեւտրի, տրանսպորտի, տնտեսության ոլորտներում: Նշվել է Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառության ծավալի աճը, ինչպես նաեւ Վրաստան այցելած ռուսաստանցի զբոսաշրջիկների թվաքանակի ավելացումը: