
Պետդեպն ԱՄՆ-ի քաղաքացիներին նախազգուշացրել է Եվրոպայում ահաբեկչության մեծ սպառնալիքի մասին

ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտն ամերիկացի քաղաքացիներին նախազգուշացրել է Եվրոպայի երկրներում ահաբեկչական գրոհների մեծ սպառնալիքի մասին, առանձնապես տոների սեզոնին: Ինչպես նշվում է արտաքին քաղաքական գերատեսչության՝ նոյեմբերի 16-ին տարածված հայտարարության մեջ, նախազգուշացումը գործում է մինչեւ 2018 թվականի հունվարի 31-ը։
«Ամերիկացի քաղաքացիները պետք է զգոնություն հանդես բերեն տոնական փառատոներ եւ այլ միջոցառումներ այցելելիս»,- ասված է փաստաթղթում: «Վերջերս տեղի ունեցած միջադեպերը Ֆրանսիայում, Ռուսաստանում, Շվեդիայում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում եւ Ֆինլանդիայում, որոնց մասին շատ է հաղորդվել, ցույց են տալիս, որ «Իսլամական պետությունը» եւ «Ալ Քաիդան», ինչպես նաեւ դրանց հանցակիցները, ի վիճակի են ահաբեկչական գործողություններ պլանավորել եւ իրականացնել Եվրոպայում»,- պարզաբանել է Պետդեպարտամենտը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: