«Երեխային նայելով հասկանում ենք, որ կյանքը վերաիմաստավորվել է, ամեն ինչ անցյալում է». Գոհար Գասպարյան. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Հաղորդավարուհի Գոհար Գասպարյանի կյանքը 180 աստիճանով փոխվել է: 1 ամիս է՝ վայելում է մայրության բերկրանքը: Հոգեբանորեն լիովին պատրաստ է եղել որդու ծնունդին, սակայն դեռեւս չի կարողանում հավատալ հրաշքին: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա նշեց, որ բառերով աննկարագրելի երջանկություն է զգում:
«Հրաշալի, աննկարագրելի զգացողություններ են, իսկապես չեմ կարող նկարագրել, բայց բնությունն ամեն ինչ մտածում է, որովհետեւ այդ 9 ամիսների ընթացքում այնքան ես սպասում, նույնիսկ արդեն անհամբեր ես դառնում, թե ի վերջո երբ է ծնվելու, հոգեբանորեն պատրաստվում ես, եւ երբ ծնվում է, մտածում ես՝ դե այդպես էլ պետք է լիներ: Այնքան բնական է, կարծես, արդեն վաղուց ինձ հետ էր: Հեքիաթային զգացողություն է: Ես ու ամուսինս անընդհատ զարմանում ենք, որ ինչ-որ մեկը հայտնվել է մեր տանը՝ նոր բնակիչ ունենք, անընդհատ չենք հավատում հրաշքին: Կյանքում բացասականն այնքան շատ է, որ երբ լավ բաներ են լինում, դժվարությամբ ես հավատում: Նրան նայելով հասկանում ենք, որ կյանքը վերաիմաստավորվել է, ամեն ինչ անցյալում է, պետք է նորովի վերաբերվես կյանքին, կյանքդ փոխվում է, առաջնահերթ տեղում նա է»,- ասաց նա:
Հաղորդավարուհին խոսեց նաեւ երեխայի անվան ընտրության մասին: Փոքրիկին կոչել են Վան: Առաջարկել է ամուսինը, եւ Գոհարն էլ համաձայնել է: Որոշման հետ կապված մի քանի քանի պատճառ կա:
«Ես սիրով համաձայնեցի, որովհետեւ երկուսս էլ արմատներով Վանից ենք, բացի դրանից, ամուսնուս արտիստիկ պսեւդոնիմը Նարեկ Վան է, եւ կարծես նրա անվան մասնիկը լինի, շատ գեղեցիկ է, ու նաեւ ուզում էինք, որ կարճ լինի: Մի քանի տարբերակ ունեինք, ի վերջո ընտրեցինք մեզ ավելի հարազատ Վանը»,- ասաց նա՝ ավելացնելով, որ Վանը մի փոքր ավելի նման է ամուսնուն:
Փոքրիկը խելոք է կամակորություններ չի անում, սակայն միեւնույն է՝ ամբողջությամբ աշխատանքի վերադառնալ Գոհարը չի կարող: Առօրյան հիմա պտտվում է Վանի շուրջ: Հաղորդավարուհին գործերին հետեւում է առցանց կամ հեռախոսով աշխատակիցների հետ կապ պահպանելով»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։