«Իմ և՛ մայրական, և՛ հայրական կողմի հարազատները գյուղաբնակ են և ապրում են սահմանամերձ գյուղում». Վարդան Արամյան
«Այո, պետական պարտքն աճել է վերջին տարիներին, բայց ես մի քանի անգամ զեկուցել եմ, թե ինչու է դա այդպես»,- այսօր Ազգային ժողովում 2018 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Նրա խոսքով՝ եթե կա այնպիսի տեսակետ, որ իրենք սխալ են արել, որ պարտք են վերցրել՝ դիմակայելու արտաքին մարտահրավերներին, ինքը վստահաբար կարող է ասել, որ դրա գինը լինելու էր բացասական տնտեսական աճը և ավելի խորը սոցիալական վիճակը: Ըստ նախարարի՝ պարտք վերցնելը ճիշտ մոտեցում էր:
Վ. Արամյանը նկատեց, որ սոցիալական խնդիրների լուծման համար ոչ թե պետք է մարդկանց մեջ սերմանես ծուլություն, այլ այնպես անես, որ մարդն ինքն արարի, ստեղծագործի. «Թող այնպիսի տպավորություն չլինի, որ ես կամ իմ գործընկերներն աղճատված ենք գյուղաբնակ հասարակությունից: Իմ և՛ մայրական, և՛ հայրական կողմի հարազատները գյուղաբնակ են և ապրում են գյուղում, ընդ որում՝ սահմանամերձ գյուղում: Ես շատ լավ տեսնում եմ, պատկերացնում եմ այնտեղի ծանր կյանքը: Հիմա ճիշտ մոտեցումը ո՞րն է՝ այդ մարդկանց ուղղակի փող տանք, ու իրենք սովորեն նրան, որ որևէ բան չե՞ն կարող անել. սա սխալ մոտեցում է, մենք պետք է այլ ուղղությամբ գնանք, ջրագծեր, ոռոգման համակարգեր պետք է ստեղծենք, որ գյուղացին կարողանա նոր արժեք ստեղծի»: