Բաժիններ՝

Զիմբաբվեի նախագահը հրաժարվում է պաշտոնաթող լինել. Reuters

Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուղաբեն հրաժարվում է պաշտոնաթող լինել զինվորականների հետ բանակցությունների ընթացքում, որոնցում որպես միջնորդ է հանդես գալիս կաթոլիկ հոգեւորականը:

Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով Զիմբաբվեի հատուկ ծառայությունների աղբյուրների: Գործակալության տվյալներով՝ Մուղաբեն պնդում է «Զիմբաբվեի աֆրիկյան ազգային միություն-Հայրենասիրական ճակատ» կառավարող կուսակցության ղեկավարի ընտրությունների անցկացումը:

Նախագահը հայտարարում է, որ ինքը կարող է իշխանությունից հեռանալ միայն, եթե տանուլ տա կուսակցության ղեկավարի ընտրությունները: Մուղաբեի եւ Զիմբաբվեում իրադրությունը հսկողության տակ վերցրած զինվորականների միջեւ բանակցություններում որպես միջնորդ է հանդես գալիս կոթոլիկ քահանա Ֆիդելիս Մուկոնորին: Մուղաբեն կաթոլիկություն է դավանում:

Զիմբաբվեի նախկին փոխնախագահ եւ հատուկ ծառայությունների նախկին ղեկավար Էմերսոն Մնանգագվան վերջին մեկ տարվա ընթացքում զինվորականների եւ ընդդիմության հետ գաղտնի բանակցություններ էր վարում իշխանությունից Մուղաբեի հեռանալուց հետո երկրում հնարավոր քաղաքական կոնֆիգուրացիայի շուրջ: Այդ մասին վկայում են Զիմբաբվեի հետախուզության փաստաթղթերը, որոնք հայտնվել են գործակալության տրամադրության տակ:

Մինչդեռ նոյեմբերի 15-ի երեկոյան Զիմբաբվեի մայրաքաղաք Հարարե է վերադարձել ընդդիմության առաջնորդ, «Շարժում հանուն ժողովրդավարական բարեփոխումների» կուսակցության ղեկավար Մորգան Տսվանգիրային, որն արտասահմանում էր գտնվում գաղցկեղից բուժվելու համար: Զիմբաբվե նրա ժամանումը հաստատում է ենթադրություններն այն մասին, որ երկրում պատրաստվում են Մուղաբեի պաշտոնաթողությանը հաջորդող շրջանին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս