«Պարոն Շարմազանով ջան, բա մենք ի՞նչ գործ ունենք մինուսական տնտեսությամբ տնտեսական ընկերակցության մեջ, ի՞նչ, ուզում եք՝ մենք էլ մինուսով գնա՞նք». Արամ Սարգսյան

«Սխալված չեմ լինի, եթե ներկաներից բոլորի կողմից շնորհավորեմ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրը: Ինքն իր կյանքի գնով պահեց մեր արժանապատվությունը, մնում է՝ մենք էլ մեր աշխատանքով կարողանանք այն պահել»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:

Այնուհետև Ա. Սարգսյանն անդրադարձավ 2018 թվականի բյուջեի նախագծին՝ ասելով, որ կուզեր՝ իր խոսքն ընկալվեր ոչ թե՝ որպես ընդդիմադիրի խոսք, այլ՝ որպես մտահոգ մարդու խոսք:

«Բացարձակ կասկած չունենալով պարոն Արամյանի տնտեսագիտական գիտելիքների վրա, գտնում եմ՝ բյուջեի նախագիծը քաղաքական նախագիծ է, ու նրա տնտեսագիտական ներկայացումն ԱԺ-ում այնքան էլ ընդունելի չէ՝ հաշվի առնելով, որ դահլիճում նստածներից մի քանի մարդ էին հետևում այդ գրաֆիկներին: Կարծում եմ՝ բյուջեն պետք է ունենա «A» կետից դեպի «B» կետը տանող ճանապարհ, ներկայացվի այդ ճանապարհը, ու դահլիճում գտնվող  պատգամավորները, որ տնտեսագետ չեն ու պարտավոր չեն տնտեսագիտական այդ կարգի գիտելիքներ ունենալ, կա՛մ վստահեն կառավարության ներկայացրած ծրագրին, կա՛մ ոչ: Այն, ինչ ներկայացվեց մեզ, անձամբ ինձ չի բավարարում»,- հայտարարեց Ա. Սարգսյանը:

Նա գտնում է՝ բյուջեն՝ որպես քաղաքական փաստաթուղթ, պետք է ունենա հստակ քաղաքական ուղեգիծ. «Բազմաթիվ անգամներ երկրի առաջին դեմքը հայտարարել է, որ մեր երկրի համար մեկ հարստությունը մարդն է: Եղբայրս՝ Վազգենը, ընդհանրապես ասում էր՝ «փոքր երկրներն իրենց երկրի խնդիրները լուծելու համար պետք է համամարդկային խնդիր լուծեն»: Մեր ժողովուրդը բազմաթիվ անգամներ ցույց է տվել, որ տվել է անհատներ, որոնք համամարդկային խնդիրներ են լուծել: Ի՞նչ ենք անում մենք նման անհատներ ունենալու, որը, նույնն է թե՝ կրթությունը և գիությունը զարգացնելու համար:

Կարդացեք նաև

Ընդամենը 1 միլիարդի չափ գումար ենք տվել կրթության ոլորտին ու ուզում ենք կրթությունը զարգանա՞: «Լույս» հիմնադրամով տարեկան 10-12 երեխա ենք ուղարկում արտասահման՝ սովորելու, որոնցից մի մասը հետ չի վերադառնում, իսկ հետ վերադարձածներն էլ պարտավոր են ՀՀԿ-ական դառնալ: Սա՞ է մեր մոտեցումը, ի՞նչ ենք անում այդ ուղղությամբ: Բյուջեում դրան վերաբերող որևէ դրույթ ես չեմ տեսել»:

Ա. Սարգսյանը կարծում է՝ արդյունաբերությունն է այն ոլորտը, որը մենք ունենք, և որը շոգեքարշի նման կարող է Հայաստանի տնտեսությունը տեղից պոկել. «Վաղուց ժամանակն է, որ մենք Սյունիքում ունենանք մետաղաձուլական գործարան»:

Ա. Սարգսյանը նաև անդրադարձավ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի այն հայտարարությանը, որ ԵԱՏՄ երկրների տնտեսական աճերն ավելի քիչ են, քան Հայաստանինը. «Հռետորական հարց, պարոն Շարմազանով ջան, բա մենք ի՞նչ գործ ունենք մինուսական տնտեսությամբ տնտեսական ընկերակցության մեջ, ի՞նչ, ուզում եք՝ մենք էլ մինուսով գնա՞նք»:

Տեսանյութեր

Լրահոս