«Այս բյուջեն չի կարող բուժել մեր պետության, մեր հասարակության, մեզ տանջող ցավերը». Գևորգ Պետրոսյան
«Բյուջեն՝ որպես փաստաթուղթ, պետք է արտացոլի Սահմանադրության առաջին հոդվածը»,- այսօր Ազգային ժողովում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Նա նկատեց, որ բյուջեի նախագիծը ներկայացնողները բազմիցս ասել են, որ բյուջեն հավասարակշռված է, բայց ինքը չի կիսում այդ կարծիքը. «Բյուջեն չպետք է լինի իրականությունից կտրված փաստաթուղթ, այն պետք է արտացոլի ոչ միայն Սահմանադրության դրույթները, այլև ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը»:
Նրա խոսքով՝ բյուջեն կրճատել է սոցիալական պաշտպանության ծախսերը՝ այն դեպքում, որ ՀՀ-ն սոցիալական պետություն է, ինչը նշանակում է, որ ամենից առաջ աշխատունակ ցանկացած քաղաքացու պետք է աշխատանքով ապահովի, իսկ անաշխատունակներին պետությունը պետք է ապահովի նյութական աջակցությամբ. «Այսօր բյուջեն ձեռնպահ է մնացել այդպիսի միջամտությունից: Եթե պետությունը նույնացնում ենք ընտանիքի հետ, դա նույն բանն է, որ ընտանիքի ղեկավարը կանգնի ու հայտարարի, որ մյուս տարի իրենք որոշել են կապիտալ վերանորոգել բնակարանը, և այդ պատճառով ընտանիքի անդամները պետք է զսպեն իրենց ախորժակը՝ չհագնվեն, չուտեն, բժշկի չդիմեն, և այլն: Ինչպե՞ս կարելի է այդպես ընտանիք ղեկավարել: Այս բյուջեն չի կարող բուժել մեր պետության, մեր հասարակության, մեզ տանջող ցավերը»: