
«12 տարեկան երեխայի դպրոցական պայուսակը կշռում է այնքան, որքան AKS 74 ինքնաձիգը՝ ամբողջությամբ լիցքավորված, նռնակն էլ՝ մեջը». Արման Սաղաթելյան

Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Հայաստանի Հանրապետական խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը նշեց, որ ինքը վերջին ժամանակահատվածում մի հետազոտություն է արել:
«Իմ և իմ ընկերների երեխաների դպրոցական պայուսակներն եմ կշռել, 12 տարեկան երեխայի պայուսակը կշռել է 5 կիլոգրամ 200 գրամ՝ առանց հավելյալ պարագաների: Նույն այդքան կշռում է, օրինակ, AKS 74 ինքնաձիգը՝ ամբողջությամբ լիցքավորված փամփշտակալով, վրան էլ՝ ամրացված նռնականետը, նռնակն էլ՝ մեջը: Ուսումնասիրել եմ շուկայում առկա բոլոր ուսապարկերը, ոչ մեկը նախատեսված չէ բեռը համաչափ բաշխելու համար: Ե՞րբ են 5 կիլոգրամ 200 գրամ գրքերը տեղափոխվելու մեկ պլանշետի մեջ, ե՞րբ են լինելու գրքերի էլեկտրոնային տարբերակները, որպեսզի մենք կարողանանք ուսումնական պրոցեսն ադեկվատ անցկացնել»,- նդիմելով կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին՝ հարցրեց պատգամավորը:
Ի պատասխան՝ նախարարն ասաց, որ այդ խնդիրը քննարկվում է ողջ աշխարհում. «Եթե մենք մեր մանկությունը հիշենք, երևի այդ 5 կիլոգրամը միշտ բոլոր ժամանակներում վերականգնվում է: Էլեկտրոնային կրթության անցման հիմնահարցը շատ կարևոր է, բայց նաև ծախսատար է, այն բյուջեի վրա որոշակի լուրջ ծանրություն պետք է լինի, մենք հիմա բանակցում ենք մասնավոր ներդրողների հետ, փորձելու ենք այնպես անել, որ դպրոցներում 6-7 դասարաններից սկսած՝ պլանշետային համակարգը ներդնենք: Ունենք արդեն նախնական խոսակցություն «Սամսունգ» ընկերության հետ, որ պետք է ավելի էժան ձևով տան, բայց դրա համար ինվեստոր է պետք: Այս ուղղությամբ մենք քննարկում ենք խնդիրները»: