
«Սերժ Սարգսյանը դարձել է հայկական ավիացիայի վերջին ուղևորը». Նիկոլ Փաշինյան

«2013 թվականին Հայաստանի կառավարությունն արձանագրեց բաց երկնքի քաղաքականություն, ինչը նշանակում էր, որ Հայաստանի կառավարությունը որևէ կերպ չի պատրաստվում պաշտպանել Հայաստանի ավիացիոն շուկան»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ «Ելք» խմբակցությունը հարցապնդում էր ներկայացրել Հայաստանի ավիափոխադրումների վերաբերյալ:
Ն. Փաշինյանի խոսքով՝ «Զվարթնոց» օդանավակայանից իրականացվում է շաբաթը 206 չվերթ, որից 110-ը՝ 53 տոկոսը, իրականացնում են ռուսական ընկերություններն ու ռուսական ուղղությամբ, իսկ Գյումրիի օդանավակայանից բացառապես Ռուսաստան են թռնում:
«Արդյոք Հայաստանում կա՞ հայկական ավիաընկերություն, այո, «Արմենիա» անունով ավիաընկերություն կա, Մոսկվա ոչ մի թռիչք չունի, ուր թռնում է՝ փակուղային տեղեր են: Այսինքն՝ շուկան մոնոպոլիզացվել է, և մենք ասելով՝ չենք ուզում ազգային փոխադրող, ռուսական ընկերություններին դարձրել ենք ազգային փոխադրող, ու այս պրոցեսը շարունակվում է:
Մենք վերջին 15 տարիներին կորցրել ենք հայկական ավիացիան: Ես ուզում եմ քաղաքական գնահատական տալ, հիշում եք, որ 2011 թվականին Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ինքը լինելու է Երևան-Ստեփանակերտ չվերթի առաջին ուղևորը, բայց, փաստացի, Սերժ Սարգսյանը դարձել է հայկական ավիացիայի վերջին ուղևորը, որովհետև միայն նրա ինքնաթիռն է, որն իր վրա հայկական ավիացիայի ատրիբուտիկան կրում է»,- հայտարարեց Ն. Փաշինյանը: