Բաժիններ՝

«Մեզ մոտ այս տարի տեղի է ունեցել գների իջեցում, թռիչքների քանակի անհամեմատ մեծացում». Վաչե Գաբրիելյան

Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը հարցապնդում է ներկայացրել Երևանի «Զվարթոնց» և Գյումրու «Շիրակ» օդանավակայանների չվերթերի վերաբերյալ:

Այսօր ԱԺ հերթական նիստի ժամանակ ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը պատասխանեց նրանց կողմից ներկայացված մի շարք հարցերին:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը փաստեց, որ մեր ավիաուղիների գները թանկ են 3 պատճառով. «Առաջինն օդի հարկն է, որը չունի Վրաստանը, մենք ունենք: Կարծում եմ՝ ժամանակն է այդ օդի գինը հանելու: Երկրորդը՝ ավիավառելիքի գներն են, պետք է ճանապարհներ ման գալ՝ ավելի էժան ավիավառելիք առնելու, որովհետև բաց երկնքի քաղաքականության պայմաններում՝ միանգամից 7 ռուսական ավիաընկերություններ մտան հայկական ավիաշուկա,  և դուրս մնաց ոչ միայն՝ տեղական ավիափոխադրողը, այլև՝ եվրոպական շուկայի: Երրորդը՝ «Զվարթնոց» օդանավակայանի սպասարկման գներն են, որոնք բարձր են: Այս ուղղություններով, կարծում եմ՝ պետք է աշխատանք տարվի, ու վստահ եմ, որ պետք է սեփական ավիափոխադրող ունենանք»:

Վ. Գաբրիելյանը նախ՝ ասաց, որ անգամ օդի հարկի պարագայում՝ Թբիլիսի-Մոսկվա թռիչքները շուրջ 20 դոլարով թանկ են, քան Երևան-Մոսկվա թռիչքները. «Սա նշանակում է, որ այստեղ օդի հարկը նշանակություն չունի: Իսկ Գյումրիում ընդհանրապես օդի հարկ չկա: Ինչ վերաբերում է վառելիքի գնին, մենք առնում ենք միջազգային շուկայում ու ոչ մեկ աղբյուրից՝ Իրանից, Բուլղարիայի, Ռումինիայից և այլ տեղերից: Վառելիքի գնային միակ տարբերությունը տրանսպորտային ծախսերն են, դրանք հնարավոր չէ չեղարկել, քանի որ այն պետք է Վրաստանով հասնի Հայաստան: Սպասարկման գների մեջ էլ կա բազմազանություն»:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ Վրաստանն ունի ազգային փոխադրող, ու, ըստ նրա, դա պետականության ատրիբուտ է. «2013-ին Հայաստանը հայտարարեց բաց երկնքի քաղաքականություն, այս 4 տարիների ընթացքում մենք ի՞նչ ենք ստացել ավիացիայի շուկայում»:

Ի պատասխան՝ Վ. Գաբրիելյանն ասաց, որ իր տեղեկատվությամբ՝ Վրաստանն ազգային փոխադրող չունի, վրացական ընկերությունների առկայությունը չի նշանակում, որ կա ազգային փոխադրող. «Մեզ մոտ այս տարի տեղի է ունեցել գների իջեցում, թռիչքների քանակի անհամեմատ մեծացում, անցյալ տարվա ուղևորափոխադրումների քանակը հատել ենք ու ունենք 122 տոկոս աճ: Բաց երկնքի քաղաքականությունը բերել է ավելի մատչելի ու ավելի շատ թռիչքների»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս