Իրանում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 9397-ի
Իրանի արեւմտյան մասում տեղի ունեցած ուժգին երկրաշարժից տուժածների թիվը հասել է 9397-ի: Այդ մասին հայտնել է Tasnim գործակալությունը: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին 445 զոհվածների եւ 7,1 հազար տուժածների մասին:
Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ նոյեմբերի 12-ի երեկոյան Իրանի եւ Իրաքի սահմանում մեկը մյուսի հետեւից երկու հզոր ստորգետնյա ցնցում է տեղի ունեցել 7,2 եւ 7,3 մագնիտուդով: Գրանցվել են մինչեւ 4,9 մագնիտուդով տասնյակ հետցնցումներ: Իրաքի առողջապահության նախարարությունը հայտնել է յոթ զոհվածների եւ ավելի քան 530 տուժածների մասին:
Երկրաշարժն զգացվել է հանրապետության յոթ նահանգներում, որոնցում այս կամ այն չափով տուժել են 1650 քաղաքներ ու բնակավայրեր: Ամբողջովին ավերվել է 12 հազար տուն, եւս նույնքանն զգալի վնասվածքներ են ստացել:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին նոյեմբերի 14-ին այցելել է Քերմանշահ արեւմտյան նահանգ, որն առավել մեծ չափով է տուժել երկրաշարժից: Ինչպես հայտարարել է նախագահը, «կառավարությունը եւ զինված ուժերն իրենց բոլոր ռեսուրսներն ու հնարավորությունները գործի կդնեն տարածաշրջանի բնակչությանն օգնություն ցուցաբերելու եւ բնականոն կյանքին բնակիչների վերադարձին օժանդակելու համար», հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: