Բաժիններ՝

Ջրի սակագնի վերաբերյալ որոշում կկայացվի նոյեմբերի 22-ին

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 22-ին նիստ կգումարի` քննարկելու ջրամատակարարման ու ջրահեռացման նոր սակագների սահմանման հարցը:

Նիստի օրակարգում է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագները սահմանելու և ՀԾԿՀ 2016 թվականի դեկտեմբերի 9-ի որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին հարցը:

Նիստում քննարկվելիք որոշման նախագծով բաժանորդներին խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր խորանարդ մետրի դիմաց սահմանվում է 162.7 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը, ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր խորանարդ մետր հեռացված ջրի դիմաց`28.7 դրամ (ներառյալ ԱԱՀ-ն): Որոշման հաստատման դեպքում ջրի մատակարարումն ու ջրահեռացումը կարժենան 191.4 դրամ/խմ և այն ուժի մեջ կմտնի 2018 թվականի հունվարի 1-ից: Հիշեցնենք, որ այդ սակագինն այսօր 180 դրամ/խմ է, իսկ բազիսային սակագինը՝ 186 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ-ն):

Կառավարության նոյեմբերի 2-ի նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ անհրաժեշտ է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի հետ համատեղ վարձակալության պայմանագրի սահմաններում գտնել մանրածախ սակագների պահպանման ուղղությամբ լուծումներ:

Նա հանձնարարական տվեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին սակագնի փոփոխության դեպքում կառավարության աշխատակազմ ներկայացնել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման գործող մանրածախ սակագների պահպանման վերաբերյալ որոշման նախագիծ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս