Շարմազանովն ընդունում է ուսանողների առաջարկը
«Ես՝ որպես ԱԺ նախագահի տեղակալ, ընդունում եմ մեր սիրելի ուսանողների առաջարկը»,- քիչ առաջ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնագահ Էդուարդ Շարմազանովը։
Նա նշեց, որ պատրաստ է բողոքի ակցիայի 5 հոգանոց խմբի հետ հանդիպել ժամը 14։00-ին։
Հարցին, թե ինչ է պատրաստվում ասել ուսանողներին, Շարմազանովը պատասխանեց, որ այս պահին չգիտի, թե ինչ են ուզում ուսանողները, ուստի չի կարողանա այդ հարցին պատասխանել:
Հիշեցմանը, թե նրանք ցանկանում են տարկետման իրավունքի վերականգնում, Շարմազանովն ասաց, որ տարկետման իրավունքը Հայաստանում չի վերացվել:
«Տարկետման իրավունքը չի վերացվել: Մենք հստակեցրել ենք տարկետման իրավունքը, բայց այն պահպանվում է: Եվ մենք պատրաստ ենք լսել մեր ուսանողների մտահոգությունները ու տալ պարզաբանումներ»,- նշեց նա:
Շարմազանովը հայտնեց, որ քննարկմանը ներկա կլինեն նաև ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը և սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը: